ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանն աշխարհից խռովել է: Իր փաստաբան Տիգրան Սարգսյանին նա արգելել է որեւէ բառ փոխանակել լրատվականների հետ: Բայց երեկ Տիգրան Սարգսյանը երկու բառ խոսեց՝ հայտնեց, որ իր պաշտպանյալին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Ի՞նչ փաստարկներ է բերել բողոքում, Փիլոյանն արդյոք ընդունո՞ւմ է մեղադրանքը՝ խոշոր չափերի կաշառք ստանալու, նա չասաց, խոստացավ, որ երկար չեն լռելու: Փիլոյանին խայտառակությունից պաշտպանելու, նրան հանրության աչքի առաջ արդարացնելու իրավունք, ըստ Տիգրան Սարգսյանի, այս պահին չունի:

«Իմ պաշտպանյալն ինձ արգելել է որեւէ տեղեկատվություն տալու: Դուք էլ պետք է հասկանաք Փիլոյանի նախկին եւ ներկա կարգավիճակը»: Փոքր զրույց ունեցանք Տիգրան Սարգսյանի հետ, բայց ոչ թե իրավական, այլ բարոյական հարթությունում: 

- Ուզում եք ասել՝ ինքը ծա՞նր է տանում այս աղմուկն իր անվան շուրջ: 

- Դե, ո՞նց եք պատկերացնում, ազգային հերոսի անունը դնեն՝ էն ո՞նց են ասում, էն գործիքի…

- Բաքսիի՞։

- Բաքսիի կողքին: Ես կոչումով գեներալ-մայոր եմ եւ չեմ ընդունում, երբ ազգային հերոսի անունը դնում են բաքսիի կողքին, անգամ եթե դա իրականություն է: 

- Արդյոք սո՞ւտ է բաքսիի մասին հիշատակումը, չի՞ ուզում Փիլոյանը գոնե բաքսիի դրվագը հերքել (ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդման, նախարարությունում աշխատանքի ընդունվելու դիմաց տվյալ անձը նախարարին ջեռուցման համակարգ է նվիրել՝ Ս․ Ս․): 

- Ես վստահորդ ունեմ, որն ինձ պետք է հանձնարարական տա:

- Ինքը Ձեզ ասել է, որ բաքսիի մասը չհերքե՞ք: 

- Ինքն ինձ ասել է՝ խնդրում եմ, ոչ մի բան լրատվականների հետ առայժմ չենք կիսվում: Դիրքորոշում չհայտնելն այս կամ այն երեւույթի նկատմամբ դեռ չի նշանակում հաստատել կամ հերքել: Հետո պարտադիր կխոսենք: Սա անորոշ փուլ է, հիմա խոսել չենք ցանկանում: 

- Անորոշ փուլ ասելով, նկատի ունեք, որ մեղադրանքը հիմնավորող ապացույցները, փաստերը Ձեզ չե՞ն ներկայացվել:

- Այո, ամեն ինչ անորոշ է: Մի բան եմ խնդրում միայն: Ընդունենք, մի կողմում դրված է մի անհեթեթ հայտարարություն, մյուս կողմից «ազգային հերոս» հասկացությունն է, ոչ թե անձը, այլ՝ հասկացությունը, կշեռքի մի նժարին բաքսին է, մյուս նժարին՝ հերոսի անունը, ու հիմա սկսենք ենթադրություններով, չհիմնավորված փաստերով դատել… Անգամ եթե ընդունենք՝ փաստերը հիմնավորված են, պետք է զուսպ լինել: Ես երկար եմ ապրել, Աֆղանստան եմ տեսել, շատ բան եմ տեսել, ու հիմա դնենք «ազգային հերոս» հասկացությունը բաքսիի կողքին, ինչպես դրեցին մեկ այլ անձի անվան կողքին տուշոնկան, ճիշտ չի լինի: Այն անձը, ում անունը տուշոնկի կողքին է հոլովվում, նա տուշոնկի գող չէր: Նա գուցե իր կյանքում շատ-շատ դաժան արարքներ կատարած լիներ, բայց հասարակության վրա տուշոնկեն էմոցիոնալ ազդեց: 

Անդրանիկ Փիլոյանը պահվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է նախարարի առաջին տեղակալ, ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանը, ում նշանակման օրերին ենք մենք գրել, որ նա է լինելու ապագա նախարարը: Հիմա ավելի հաստատուն են դառնում այդ լուրերը: «Այս խոսակցությունը եղել է ամենասկզբից, դեռ էս դեպքերից առաջ»,- ասում է աշխատակիցներից մեկը: Նրա խոսքով՝ նախարարությունում մարդիկ նեղված են:

«Բոլորը շոկի մեջ են: Էդ բաքսի-մաքսի՝ էնքան  ցածր մակարդակի խոսակցություններ են, որ չեն կարող նույնանալ նրա հետ: Նա խստապահանջ էր, կարգապահություն էր պահանջում, անընդհատ հանդիպում էր տարբեր ստորաբաժանումների հետ, իրենց խնդիրներն արձանագրում էր, փրկարարների ջոկատներով զբաղվում, որ տղաների աշխատանքի պայմանները լավը լինեն: Սա հաստատ մի թյուրիմացություն է: Բոլորը շատ հուզված են: Նրանք, ովքեր ԱԻՆ համազգեստ են կրում, ասում են, որ դրսում հիմա իրենց այլ կերպ են նայում»,- ասում է ԱԻՆ մեր զրուցակիցը: Պարգեւավճարներից զրկել է աշխատողներին, գրել են՝ չեն ստացել․ նման բողոքներ եղե՞լ են կոլեկտիվում: «Ստեղ եթե հանկարծ մի 500 դրամ մեկը պակաս ստանար, գիտե՞ս ինչ աղմուկ կլիներ: Պարգեւավճարներ գրել ու չտալը բացառում եմ»,- ասում է նախարարության մեր աղբյուրը: Մինչդեռ, ըստ իրավապահների, պարգեւատրումների գումարները հափշտակվել են: 

Մեր նախորդ հրապարակումներում հայտնել էինք, որ ԱԻՆ-ում հայտնաբերված կոռուպցիայի գործով մի քանի տասնյակ աշխատողներ են անցնում, այդ թվում՝ Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանը, որը ներման հանձնաժողովի նախկին ղեկավար Ջեմմա Հակոբյանի եղբայրն է, փրկարար ծառայության նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը, որը հեռուստամեկնաբան Նվեր Մնացականյանի որդին է, Պետական ռեզերվների գրասենյակի ղեկավար Հրաչյա Երեմյանը, Արտաշատի ստորաբաժանման ղեկավարը: Նրանք, մեր տվյալներով, ցուցմունքներ են տալիս նախարարի դեմ: 

Պատերազմից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անդրանիկ Փիլոյանին արժանացրեց Ազգային հերոսի կոչման, ապա նախարար նշանակեց, հանրությունը ենթադրեց, որ Փիլոյանը Նիկոլի մարդկանցից է: Բայց արի ու տես, նիկոլականների թիմում պատերազմներով անցած մարդիկ այդպես էլ յուրային չեն դառնում: Թեեւ Անդրանիկ Փիլոյանի մասին խոսելիս վարչապետն ասել է, որ ցավում է՝ կատարվածն իր համար տհաճ է, եւ որեւէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունի, նկատենք, որ իրականում ճիշտ հակառակն արվեց՝ նախաքննությունը չավարտված, վարկաբեկվեցին մի ամբողջ համակարգ եւ պատերազմին մասնակցած անձը: 

«Ես նաեւ ուզում եմ արձանագրել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, եւ շատ կարեւոր է, որ մենք այդ դիրքորոշումը հետեւողականորեն եւ սկզբունքորեն պահենք»,- ասել է Փաշինյանը: Բայց այլ դեպքերում իրավապահներն այնքան էլ հետեւողական չեն կոռուպցիայի դեմ պայքարում: Մեր տեղեկություններով, նիկոլահպատակ նախարարներից մեկի տեղակալը ժամանակին մեծ փող էր վերցրել, ինչի մասին վարչապետին զեկուցել են:

Հաջորդ օրը ԱԱԾ-ականները «կամերայով» տեսել են, թե ինչպես է սույն նիկոլահպատակ նախարարն իր տեղակալի հետ սենյակում «ժուչոկ» փնտրում: Ակնհայտ է, որ հենց Նիկոլն է զգուշացրել, որ զգույշ լինեն: ԿԳՄՍ նախկին փոխնախարարի տնից էլ մի երկու տարի առաջ գողերն ահռելի գումար տարան, եւ պարզ էր, որ դրանք անաշխատ գումարներ էին, սակայն դրանց ծագումը պարզելու եւ նախաքննություն սկսելու փոխարեն փոխնախարարն իր դիմումով ազատվեց աշխատանքից։ Իսկ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի, առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի հանցանքն ապացուցող բազում փաստերն անտեսվեցին, եւ նրանք ազատվեցին կալանքից, մեղադրանքները վերաորակվեցին: Իշխանական որոշ կոռուպցիոներների նկատմամբ Փաշինյանը շատ ներողամիտ է, որոշների հանդեպ՝ դաժան, անգամ չապացուցված մեղադրանքների առկայության պայմաններում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել