168.am-ը գրում է.
Արցախի տեղեկատվական շտաբը քիչ առաջ հայտնեց, որ այսօր ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:
«Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները»,- նշված էր տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ:
168.am-ի հետ զրույցում Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանն ասաց, որ որևէ հարցի չի կարող պատասխանել, քանի որ վիճակը լուրջ է։
«Ես չեմ կարող հարցի պատասխանել, վիճակն արդեն լուրջ է, ես չեմ կարող այս ամենից կտրվել՝ հարցերի պատասխանել, ներողություն եմ խնդրում ձեզանից»,- կարճ ասաց Խրամորթի գյուղապետը և հեռախոսն անջատեց։



