«Սահմանադրական բարեփոխումներ» անվան տակ իշխանության կողմից իրագործվող գործընթացը, իմ համոզմամբ, ունի միայն մեկ հիմնական նպատակ, այն է՝ Սահմանադրությունից հեռացնել հետևյալ նախաբանը
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։
Մնացյալ բոլոր քայլերը, որոնցով պատրանք են ստեղծում, թե ցանկություն ունեն բարեփոխումների վերաբերյալ հանրային կարծիք լսելու, սոսկ ձևականություն է։
Իսկ թե ինչու են ցանկանում հեռացնել նախաբանը, շատ պարզ է, քանի որ նախաբանը հղում ունի Անկախության մասին հռչակագրին, որի 11-րդ կետն էլ ձևակերպված է այսպես՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։
Սահմանադրությունը Անկախության մասին հռչակագրից կտրելու դավադիր նպատակները չեն սահմանափակում միայն 11-րդ կետով, քանի որ Հռչակագրի նախաբանն էլ բավականին խոսուն է և հենվում է, օրինակ՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման, ինչպես նաև բազմաթիվ այլ հայկականություն արտացոլող սկզբունքների վրա։
Հ.Գ. Սա ասում եմ նրա համար, որ վաղն անակնկալի չգաք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել