Hraparak.am-ը գրում է.

Մարտի 22-ին Հայաստանի ԱԳ նախարարությունը հանդես էր եկել Արցախի գազամատակարարման հարցում առաջացած խնդրի առնչությամբ հայտարարությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր․ «Ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ:

Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից։ Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանը 8 օր շարունակ թույլ չէր տալիս աշխատանքներ իրականացնել նույն տեղանքում չպարզված հանգամանքներում վթարված գազատարի վերանորոգման ուղղությամբ։

Այսպիսով, բացի Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն ուղղված իր մյուս շարունակական գործողություններից և Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների մուտքը խոչընդոտելուց, Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, ինչն ակնհայտորեն հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։ Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության այս աղաղակող քաղաքականությունը։ Ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում»

Ի պատասխան այս հայտարարության, Ադրբեջանի ԱԳ նախարարությունն էլ իր հերթին է հանդես եկել պատասխան հայտարարությամբ, որի բովանդակությունց կարելի է հասկանալ, որ Արցախի գազամատակարարման հետ կապված խնդիրները Հայաստանին այլեւս չեն վերաբերում եւ հանդիսանում են Ադրբեջանի ներքին գործը։ Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում մասնավորապես ասված է․ «Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը փորձում է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին, կապված միջազգային կազմակերպությունների՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցության հետ, որը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, եւ հիմա էլ փորձում է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին այլ հարցի հետ կապված»։ Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին այն բանում, որ վերջինս «ոչ կառուցողական մոտեցում է դրսեւորում եւ անհիմն մեղադրանքներ է առաջադրում Ադրբեջանին»։ Բաքուն «խորհուրդ է տվել Հայաստանին դուրս բերել իր զինված ուժերի մնացորդները Ղարաբաղից եւ այդպիսով նպաստել ռեգիոնալ խաղաղությանն ու անվտանգույանը»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաեւան։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել