Tert.am-ը գրում է․

Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ներկայացնելով արցախահայության վիճակը։

Գեղամ Ստեփանյանի ուղերձը ներկայացնում ենք ստորև․

Որպես Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, որպես մարդ, որ պատասխանատվություն ունի Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար՝ կրկին դիմում եմ ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, աշխարհի բոլոր երկրների մարդու իրավունքների պաշտպաններին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ տեղեկացնելու, որ Արցախում ապրող հազարավոր հայեր ամեն օր պարբերաբար ենթարկվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական և ցեղասպանական գործողությունների։

Մեկուկես տարի առաջ՝ 2020 թվականի աշնանը, ռազմական ագրեսիա է իրականացվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ, ռազմագերիների խոշտանգմամբ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ և այլն։ Այս բոլոր փաստերը պատշաճ փաստագրվել են մեր զեկույցներում և ներկայացվել միջազգային կազմակերպություններին։


Այդ ժամանակ միջազգային հանրությունը, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցները պատշաճ չարձագանքեցին տեղի ունեցող հանցագործություններին։ Արհեստական հավասարության նշան դնելով ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև՝ արձակեցին Ադրբեջանի ձեռքերը շարունակելու իր վայրագությունները։


Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն օգտագործել է իր հայեցողության տակ եղած բոլոր մեթոդները ահաբեկելու, հոգեբանական հարձակումներ գործելու մեր բնակչության նկատմամբ, կրակելու քաղաքացիական բնակավայրերի, դպրոցների, մանկապարտեզների, սոցիալական նշանակության այլ օբյեկտների ուղղությամբ, ոչնչացնելու մեր վանքերն ու եկեղեցիները, գերեզմանատները։ Ադրբեջանի կողմից համակարգված և դիտավորյալ իրականացվող գործողությունները նպատակ են հետապնդում հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու Արցախը։


Վերջին օրերին ադրբեջանական կողմն առավել ագրեսիվ գործողությունների է դիմել։ Նրանք կիրառում են տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում մեծ տրամաչափի ականանետներ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ։ Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ, Կարմիր շուկա, Թաղավարդ, այս բոլոր համայնքների բնակիչներն ամեն օր դառնում են Ադրբեջանի հանցավոր գործողությունների ուղիղ թիրախը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել