Անցած տարի լրատվականների էջերը ցնցեց Իրանի ԱԳ նախկին նախարար Զարիֆի «արտահոսած» հարցազրույցը, որտեղ նա պնդում էր, որ միջուկային գործարքի գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է: Իրանի ԱԳՆ-ն Զարիֆի խոսքերը չհերքեց, բայց հայտարարեց, որ դա նախարարի անձնական կարծիքն է:
Մեկ տարի անց` այսինք այս տարվա մարտի 4-ին, երբ միջուկային ծրագրի շուրջ բանակցող բոլոր կողմերն արձանագրեցին, որ ամեն ինչ պատրաստ է գործարքի կնքմանը, Մոսկվան նորից խափանեց գործընթացն` ինչ-որ անհեթեթ գրավոր երաշխիքներ պահանջելով:
Նույն օրը Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր, արդեն հայտնի դարձած, տեքստը հրապարակեց, որտեղ աջակցությունն էր հայտնել Ուկրաինային և Զելենսկուն և պնդել էր, որ այդ պատերազմը սատանիստների գործն է: Ահմադինեժադը հաճախ է հղում անում Խոմեյնիի այն խոսքերին, որ` ԱՄՆ-ն մեծ սատանան էր, իսկ ԽՍՀՄ-ը` փոքրը: Նա ակնհայտորեն մինչ օրս չի ներել ռուս «գործընկերներին», որոնք Քոչարյանի օրոք հասան նրան, որ Իրանից Հայաստան ձգվող գազատարի տրամաչափը երկու անգամ փոքրանա, որպեսզի բացառվի Հայաստանով իրանական գազի տարանցման տարբերակը:
Քանի որ Եվրոպայում գազի գինն արդեն հասնում էր $3,500-ի, աշխարհի խոշորագույն գազային պաշարներն ունեցող Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները հանելու գործընթացն ըստ երևույթի շուտով կավարտվի: Այդ գազը Եվրոպա հասնելու երկու ճանապարհ ունի՝ Սիրիա և Հայաստան: Երկու երկրներում էլ ռուսական արգելափակիչ ռազմական բազա կա: Սիրիայում այդ բազայի հիմքերն այս պահին շատ ամուր են, իսկ Հայաստանում բավականին փխրուն: Հետևաբար Մակրոնը ոչ թե Բաշար Ասադին է կանչել փարիզ, այլ` Նիկոլ Փաշինյանին:
Վաղը, մարտի 9-ին Փաշինյանը պետք է մեկնի Փարիզ, որտեղ ըստ ամենայնի իր առաջ դնելու են ընտրություն՝ կամ ռուսների հետ ես, կամ մեր (ասել է թե՝ եվրոպացիքի): Իրադարձությունների այս շղթայում տեղի ունեցավ միջադեպ Երասխում, որի ընթացքում սպանվեց մեր մի զինվոր: Սա էլ Մոսկվայի «հրավերն» էր Փաշինյանին, որ նա հանկարծ չմոռանա` ով է իր պապան: Այդ հարձակումը նաև հիշեցում էր Իրանին այն մասին, որ Ադրբեջանը կարող է ամեն պահին մտնել Սյունիքը, կտրել ու փակել իրանական գազի տարանցման հարցը: Ես կարող եմ արդեն կանխագուշակել նաև ռուսական կողմի ապագա անգործության արդարացումները, կասեն` եթե դուք մեզ Ուկրաինայում չեք սատարում, ինչու՞ ենք մենք պարտավոր սատարել ձեզ Սյունիքում:
Սակայն ես վստահ եմ, որ Ադրբեջանը ռիսկ չի անի մտնել Սյունիք: Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն անընդհատ կրկնում է, որ չի հանդուրժի սիոնիստական ռեժիմն իր հյուսիսում, և որ ՀՀ սահմանները պետք է անխախտելի լինեն: «Սիոնիստական ռեժիմի» առաջխաղացումը դեպի Սյունիք միանշանակ վերջին կաթիլն է լինելու:
Հ.Գ. Իմիջիայլոց, կարո՞ղ եք գուշակել, որ երկիրն է աշխարհի ամենախոշոր գազ արտադրողը: Արդեն պիտի որ կարողանաք: Այո´, դա իհարկե ԱՄՆ-ն է: Երկրորդ ու երրորդ տեղում գտնվող ՌԴ-ն ու Իրանը իրար հետ ավելի քիչ են արտադրում, քան, Խոմեյնիի ասած, մեծ Սատանան` ԱՄՆ-ն: Ոչ նավթի, ոչ գազի շուկայում ԱՄՆ-ն մրցակից չունի: Ուրիշ հարց, որ ԱՄՆ-ի ու բուն գազ ու նավթ արտադրողների շահերը կարող ա չհամընկնեն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165982666335501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել