Psymag.am-ը գրում է.

21-րդ դար, զարգացած և զարգացող քաղաքակրթություն, ամեն ինչ առաջ է ընթանում թռիչքաձև, բազմաթիվ են մարդու մոտ հետաքրքրություններ առաջացնելու և բավարարելու ձևերն ու միջոցները: Բայց, արի ու տես, հատկապես այս տեխնիկապես զարգացած ժամանակաշրջանում, մարդը հեռանում է մարդուց, պակասում է կենդանի շփումը, իսկ վիրտալ շփման մեջ բացակայում են այն հարալեզվական միջոցները, ժեստերը, դիմախաղը, որի արդյունքում մարդը չի ստանում այն էներգիան, այն բավականությունը, որ կստանար կենդանի շփումից։ Մարդը մնում է միայնակ, օտարված… 

Ռ. Ս. Նեմովն իր «Ընդհանուր հոգեբանության հիմունքներ» գրքում, խոսելով միջանձնային հարաբերություններից, խոսում է նաև միայնության մասին և նշում, որ միայնությունը մարդկության կարևորագույն խնդիրներից է։ Նշվում է, որ մարդկանց 10-30 տոկոսն ասում է, որ կյանքում գոնե մեկ անգամ միայնության զգացողություն է ունեցել։

Մարդը միայնակ է դառնում, երբ գիտակցում է իր փոխհարաբերությունների ոչ լիարժեքությունը կամ զգում է շփման պակաս։

Միայնությունը ծանր հոգեկան վիճակ է, որը սովորաբար ուղեկցվում է վատ տրամադրությամբ և հուզական ապրումներով։ Խորապես միայնակ մարդիկ, որպես կանոն, շատ դժբախտ են, նրանց մոտ քիչ կամ սահմանափակ են  սոցիալական կոնտակտները։ Մարդը կարող է մենակ զգալ, երբ շփվում է մեկ-երկու մարդու հետ, սակայն նրա մոտ պահանջմունք կա ավելիի։ Միայնությունը սովորաբար ուղեկցվում է հոգեկան տիպիկ ախտանիշներով, նեգատիվ հույզերով, տխրությամբ, վախերով ու տագնապներով, ատելությամբ։ Տարբեր տարիքի մարդկանց մոտ տարբեր կերպ կարող է զգացվել։ Միայնակ մարդը հաճախ չի ունենում շփման հմտություններ։ Նրանք հաճախ հաստատում են, որ իրենց չեն սիրում, չեն հարգում, և փախչելով  սոցիալական կապերից` մարդն ինքն է իրեն մեկուսացնում մյուս մարդկանցից։ Նրանց մոտ ավելի է վախը, իմպուլսիվությունը, անհանգստությունը, հոգնածության զգացումը և ֆրուստրացիան։ Միայնակները ավելի վատատես են, քան մյուսները, ապագայից ոչ մի լավ բան չեն սպասում, գտնում են, որ ինչպես իրենց, այնպես էլ մյուսների կյանքն անիմաստ է։ Նրանք քչախոս են ու լուռ, ձգտում են աննկատ մնալ, հաճախ տխուր են։ Եթե միայնակ մարդը իր միայնության համար մեղադրում է ուրիշներին, կարող է զգալ ատելություն, որը կարող է բերել թշնամանքի, իսկ եթե մտածում են, որ իրենք են մեղավոր իրենց միայնության համար, չեն հավատում, որ կարող են փոխել իրենք իրենց, ինչն իր հերթին կարող է բերել խրոնիկ դեպրեսիայի։

Միայնությունը տիպիկ հուզական վիճակ է, երբ ժամանակ առ ժամանակ համակում է մարդուն. տխրություն, հույսի կորուստ, մեկուսացվածություն։ Նման մարդիկ չեն սիրում շփվող ու երջանիկ մարդկանց. դա նրանց պաշտպանական ռեակցիան է, որը խանգարում է ստեղծել նորմալ փոխհարաբերություներ։ Միայնակները քիչ են վստահում մարդկանց, զայրանում են ուրիշների ներկայությունից, վստահ չեն իրենց քայլերում։ Նրանք չեն կարողանում իսկապես ուրախանալ, կարող են հրաժարվել ինչ-որ մեկին զանգել, որոշ հարցեր լուծել` անձական կամ գործնական, ունեն ոչ ադեկվատ ինքնագնահատական` հաճախ ցածր։

Միայնությունն առաջացնում է հոգեբանական ոչ բարեհաճ պայմաններ։  Այս զգացողությամբ համակված մարդկանց համար դժվար է ծանոթանալ, ներկայանալ։ Անհաժեշտ է տարբերել երեք տեսակի միայնություն. խրոնիկ, իրավիճակային և անցողիկ։

Խրոնիկ միայնությունն առաջանում է այն ժամանակ, երբ անհատը երկար ժամանակ չի կարողանում կարգավորել և բավարարել իր հարաբերությունները մարդկանց հետ։
Իրավիճակայինը՝  սովորաբար առաջանում է որպես արդյունք` մարդու կյանքի ստրեսային իրադրությունում։ Պատճառը կարող է լինել մոտ մարդու մահը կամ մտերմիկ հարաբերությունների խզումը։
Անցողիկ միայնությունն առաջանում է շատ կարճ ժամանակով, որն ամբողջությամբ անցնում է` չթողնելով ոչ մի հետք։

Ս. Գ. Կորչագինան, միայնությունը` որպես հոգեբանական երևույթ, բաժանում է մի քանի տեսակի՝  նորմայից մինչև պաթոլոգիա։

1. Օտարում - սա միայնության ծայրահեղ ձևն է: Մարդը հեռանում է մյուս մարդկանցից, արժեքներից, որոշակի խմբերից, աշխարհից ընդտանրապես։ Այս մարդիկ հեռու են պահում իրնեք իրենց այլ մարդկանցից` աստիճանաբար կորցնելով սեփական Ես-ը։ Օտարման ծայրահեղ աստիճանը ենթադրում է միայնության սուր ապրումներ։ Օտարումն արտահայտվում է ծանոթ վայրերի, թանկ հիշողությունների, իրավիճակների ու ապրումների, ինչպես նաև մարդկանց հետ  հուզական կապի խզմամբ։ Այս ամենը դառնում է օտար անհատի համար, իսկ փոխհարաբերությունները` անիմաստ։ 
Նման դեպքերում, որևէ մեկի նկատմամբ զգալով ֆիզիկական մոտիկություն` մարդը չի գնում հոգեբանական մտերմության և միշտ պահում է որոշակի հեռավորություն։ Գնալով մարդու Ես-ը դառնում է տարօրինակ ու օտար։ Չի կարելի ասել, թե մարդը կորցրել է սեփական Ես-ը, բայց գնալով նրա կյանքը սկսում է դառնալ անիմաստ ու դատարկ, զգացվում է ներքին դատարկություն, որը անհնար է լցնել։

2. Դիֆուզային միայնություն - սա կապված է նրա հետ, որ մարդը նույնականացնում է իրեն այլ մարդկանց, խմբերի, մտքերի հետ` հրաժարվելով սեփական կարողություններից, հետաքրքրություններից։ Սա բերում է ծայրահեղ հոգեբանական վիճակի։ Այստեղ մարդը կամ պետք է կատարելգործվի կամ կրկնօրինակի այն, ինչ իրեն լավագույնն է թվում։ Իհարկե, կատարելգործվելու համար անհրժեշտ է շատ ջանքեր ու ապրումներ, որը կարող է բերել անհարմարավետության զգացման։ Կորցնելով Ես-ի կառույցը` նա, կարծես, խառնվում է սոցիումին, հասարակությանը։ Այդ պատճառով միայնության այս տեսակն անվանում են դիֆուզային։

3. Դիսոցիալ - սա լատիներեն բառ է, որը  նշանակում է անջատ, առանձին։ Այն իրենից ներկայացնում է ավելի դժվար իրավիճակ` հաշվի առնելով ապրումները։ Այստեղ մարդը կարծես ներքուստ բաժանված է երկու բևեռների` դրական և բացասական: Այլ կերպ ասած` մարդը զգում է իր առանձնացված վիճակը, որը խորապես ազդում է իր վրա։ Մարդը զգում է երկակի զգացմունքներ նույն օբեկտի նկատմամբ` մե՛կ դրական, մե՛կ բացասական հույզեր։ Կարող են հանդիպել այնպիսի դեպքեր, երբ մարդն իրեն նկարագրում է միայն դրական որակներով, կարող է լինել և հակառակը։

Գոյություն ունի նաև ուղղորդված միայնություն, երբ մարդը ցանկանում է միայնակ մնալ, որի արդյունքում գիտակցում է սեփական հոգեբանական ապրումները և, որ ինքը առանձին է, յուրահատուկ է, նա գիտակցում է իր ինքնությունը: Արդյունքում հանդես են գալիս մեխանիզմներ՝ ինքնակարգավորում և ռեֆլեքսիա։  Սա նորմալ զգացողություն է։

Միայնությունը, ինչ պատճառով էլ առաջացած լինի, միևնույնն է, մարդուն բերում է մի այլ վիճակի, այլ գիտակցության, որը կարող է առաջացնել նոր հուզական ապրումներ, նոր մտքեր, զգացմունքներ, բայց կարևոր է գտնել այն ռեսուրսները, որոնք կօգնեն, կսատարեն միայնություն զգացողին։

Օվսաննա Ադամյան` հոգեբան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել