News.am-ը գրում է.

Իրանը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է այսօր բեռնատարների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը:

«Իրանից Հայաստան եկող երկու ճանապարհ ունեինք, մեկն անցնում էր Որոտանով, մյուսն էլ Տաթեւի այլընտրանքային ճանապարհով, որը հիմա մեր համար օգտագործելի միակ ճանապարհն է։ Նախկինում ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` բեռնատարների համար Տաթեւի այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է: Այն հատվածները, որոնք որ իրական վտանգներ են առաջացնում բեռնատարների համար, այս պահի դրությամբ կարծես թե կառուցվում է շրջանցող այլընտրանքային ճանապարհներ: Դա Տաթեւ-Լծեն ճանապարհն է եւ Վերին Խոտանանի շրջանցող ճանապարհը»,-ասաց նա:

Նշենք, որ դեռ այլընտրանքային ճանապարհը ամբողջությամբ ավարտին չի հասցվել եւ Հայաստան մտնող բեռնատարները հաճախակի են մնում ճանապարհին` ցեխակույտի մեջ:

Փարսյանը, չնայած ստեղծված դժվարություններին, հնարավոր համարում է նաեւ Որոտանով անցնող հիմնական ճանապարհի վերադարձնելը մեր վերահսկողության ներքո: Հիշեցնենք, որ այն հակառակորդին էր հանձնվել պատերազմից հետո` բանավոր համաձայնության արդյունքում:

«Ամեն ինչ էլ հնարավոր է, ուղղակի պետք է կամք, ցանկություն եւ ճիշտ քաղաքականություն, կարծում եմ, ամեն ինչ էլ հնարավոր է»,-ասաց նա:

Անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկություններին, որ Կապանի մոտակայքում կրկին դիրքեր են զիջվելու հակառակորդին, Փարսյանն ասաց, որ ինքը նման տեղեկություններ չունի եւ հավելեց. «Մենք որեւիցե խնդրահարույց հատվածներ որպես այդպիսին չունենք, որ տանք, զիջենք: Էլ ի՞նչ զիջենք, մենք զիջելու բան չունենք: Սրանից հետո, որ մի բան զիջենք, պետք է մեր բնակավայրերը զիջենք»:

Փարսյանը ստեղծված իրավիճակում կարեւորեց Կապանի մոտակայքում անվտանգային գոտու ստեղծումը:

«Թշնամու այդքան մոտ հեռավորությունը Կապանին, արդեն իսկ վտանգներ է ներկայացնում: Այս պարագայում շատ կարեւոր է անվտանգության գոտու ստեղծումը` ադրբեջանական զորքերի հետքաշումով, որովհետեւ նրանք ուղիղ խնդիր են առաջացնում մեր բնակավայրերի համար: Ես չեմ պատկերացնում մեր զորքերի հետ քաշվելը, այստեղ միայն պետք է ադրբեջանական զորքերը հետ քաշվեն, որովհետեւ ուղիղ սպառնալիք են մեր բնակավայրերի համար»,- հավելեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել