ArmDaily.am-ը գրում է․
FlyOne ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ հաջորդ չվերթը նախատեսել է փետրվարի 11-ին: Նշենք, որ այս ավիաընկերությունը, որը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, առաջին Երևան-Ստամբուլ չվերթն արդեն իրականացրել է, որը և Հայաստանի, և Թուրքիայի հասարակություններում մեծ աղմուկ բարձրացրեց: Ավիաընկերությունն այս ամսվա համար նախատեսել է մի քանի թռիչք այս ուղղությամբ, նշենք, որ մի անձի համար նախատեսված միակողմանի թռիչքի արժեքը ընդամենը 54 եվրո է: Իսկ այս ամսվա համար վեց չվերթ է նախատեսվում դեպի Թուրքիա:
Փետրվարի 11, 14, 18, 21, 25 և 28, այս օրերի համար ավիաընկերությունն արդեն տոմսեր է ամրագրում: Հավելենք, որ հաջորդ թռիչքի համար տեղեր գրեթե չեն մնացել, ընդամենը 4 նստատեղ: Այսինքն՝ փետրվարի 11-ին կայանալիք Երևան-Ստամբուլ չվերթի գրեթե բոլոր տոմսերը սպառվել են:
ArmDaily.am-ը կապ հաստատեց ավիաընկերության հետ՝ պարզելու, թե մեկ ինքնաթիռը քանի ուղևոր է կարողանում սպասարկել, սակայն մեզ ավիաընկերությունից ասացին, որ մեր հարցերի պատասխանը կարող ենք ստանալ իրենց կայքից և հրաժարվեցին ավելին մեկնաբանել: Իսկ ավիաընկերության կայքում ուղևորների թվի մասին գրեթե ինֆորմացիա չկար, նշված էր միայն, որ Երևան-Ստամբուլ հաջորդ չվերթի համար տեղերը վերջանում են: