Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով իր հարցազրույցին հաջորդած քննարկումներին, որոնք պայմանավորված էին ԼՂՀ հարցի կարգավորման մասին իր հնչեցրած հայտարարություններով։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

Դեկտեմբերի 24-ի իմ հարցազրույցին հետեւած քննարկումները՝ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի մասին, բացահայտեցին մի շարք կեղծիքներ, որոնց արձանագրումը չափազանց կարեւոր է.

1. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ադրբեջանական բնակչության մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը՝ արդեն որպես ժամանակակից Լեռնային Ղարաբաղի բնակչության մաս՝ արձանագրված է Մադրիդյան սկզբունքներում, որոնք հայկական կողմը դեռեւս 2007 թվականից ընդունել է որպես բանակցությունների հիմք: Բարեբախտաբար, թե դժբախտաբար չենք կարող ասել, թե Հայաստանի կամ Արցախի որեւէ քաղաքական գործիչ դրանից տեղյակ չի եղել, որովհետեւ Մադրիդյան սկզբունքները շատ վաղուց, դեռ իմ վարչապետ դառնալուց առաջ հրապարակված են համացանցում: Այստեղից հարց է ծագում, ինչու՞ երբեմնի բարձրաստիճան պաշտոնյաները չեն ընդվզել սրա դեմ:

2. Հիշում եք, որ նոյեմբերի 9-ից հետո թեմա ծագեց, թե եղել է հնարավորություն 44-օրյա պատերազմը կանգնեցնել ԼՂԻՄ-ի ժամանակ Շուշիում բնակված ադրբեջանցիների եւ/կամ նրանց ընտանիքի անդամների՝ Շուշի վերադառնալու իրավունքը երաշխավորելու դիմաց: Այսօրվա նույն շրջանակները 2020-ի աշնանը ասում էին, թե Շուշին հայկական պահելու շանս է եղել եւ ես չեմ գնացել դրան, ինչին հակադարձեցի, թե ԼՂԻՄ-ում Շուշիի բնակչության 90 տոկոսը ադրբեջանցի է եղել, ո՞նց եք պատկերացնում 90 տոկոսով ադրբեջանցի բնակչությամբ հայկական բնակավայր: Էդ ժամանակ էլ ինձ մեղադրեցին, թե ասում եմ, թե Շուշին հայկական չէ: Հիմա այդ նույն մարդիկ ինչու՞ են նեղսրտած, երբ խոսվում է մինչեւ իմ վարչապետ դառնալը գոյություն ունեցած բանակցային բովանդակության մասին: 2020-ի աշնանը նրանք կողմ էին Շուշիում ապրած ադրբեջանցիների վերադարձին, հիմա դե՞մ: 2007-ին կողմ էին հիմա դե՞մ:

3. Հիմա էլ անընդհատ կրկնում են, որ միայն Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը կարող է բանակցային գործընթացում ներկայացնել Արցախի ժողովրդին: Ո՞վ է վիճում: Սա իմ կարեւորագույն թեզերից մեկն է՝ 2018-ից ի վեր: Այլ հարց է ծագում. այդ նույն մարդիկ ինչու ծպտուն չէին հանում, երբ 1998 թվականին Ռ. Քոչարյանի ձեռամբ Արցախը հեռացվում էր բանակցային գործընթացից: Բայց հիմա էլ հանկարծ չմտածեք, թե նրանք ուզում են Արցախը բանակցային սեղան վերադարձնել, նրանք ուզում են Հայաստանը հեռացնել բանակցային սեղանից: Հազիվ առիթ է, մի գաղտնիք բացեմ: Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն ինձ մեղադրում են, թե ես վարչապետ դառնալուց հետո միջնորդներից պահանջել եմ ԼՂ-ի վերադարձ բանակցային սեղանի շուրջ, ինչով իբր վատացրել եմ մեր բանակցային վիճակը: Սերժ Սարգսյանը ինքն էլ 2016 թվականին միջնորդներից պահանջել է անմիջապես ԼՂ-ին ներգրավել բանակցային գործընթացի մեջ: Դրանո՞վ է վատացրել մեր բանակցային դիրքերը: Ի դեպ, այդ նույն ժամանակ Սերժ Սարգսյանը փորձել է հիմնավորել, որ Արցախի ապագա կարգավիճակի որոշման հարցին ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները պետք է մասնակցեն այն նույն համամասնությամբ, ինչ համամասնությամբ ապրել են 1988 թվականին ԼՂԻՄ-ում: Ինչու՞ է սա արել, որովհետեւ հասկացել է, որ բանակցային բովանդակության տրամաբանությամբ այդ ենթադրվող հանրաքվեի պահին, որը կարող է տեղի ունենալ 100 տարի անց, ադրբեջանցիները ԼՂ-ում կարող են մեծամասնություն լինել: Իսկ կարողացե՞լ է լուծել այս խնդիրը: Իհարկե ոչ եւ այս է պատճառը, որ 2018-ի ապրիլին բարձրաձայնել է բանակցային գործընթացի անհույս վիճակի, կանգնած լինելու եւ վերահաս պատերազմի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել