Փոխանակ նոր տարի շնորհաւորելու, ձեզ մի բան պատմեմ իմ կեանքից..։ Եթէ ուշադիր ընթերցէք, թէկուզ ձեզ համար հետաքրքիր լինի։
Ուղիղ 20 տարի առաջ, 2001-ի դեկտեմբերին, երէցկնոջս հետ գնացինք Փարիզ այցելութեան։ Առաջին անգամ էի այցելում քաղաքը։
Ու ի՜նչ հրաշք քաղաք։ Պատմութեամբ հարուստ, գեղեցիկ ու շքեղ, լուսաւոր իր ամէն անկիւնում պատմական երեւոյթներով։ Ի հարկէ կարելի չէր, առաջինը չայցելել Նոտր Դամի (Աստուածամօր) տաճարը, շինութիւնը սկսած 1163 թուականին, որն Փարիզի ու Ֆրանսայի սիրտն է ու հիմքը։ Քաղաքի սրտի գլխաւոր յիշատակարանը ու նրանց ազատագրական պայքարների ուղեցոյցն ու Ֆրանսայի թագաւորների ու իշխանների պարծանքը, օտար լուծերի դէմ, իրենց Ժաննա Դ՚արկերով ու Տը Կոլներով, պատմութեան ընթացքում։
Տաճար մտնելուց առաջ կ՚ակնկալէի սրբութեան ու լռութեան վայրը, ուր կարելի էր ըմբոշխնել 850 տարիների վեհութիւնն ու հոգեւոր մթնոլորտը, բայց ի՞նչ տեսանք ներսում..։
Վա՜յ Աստուած իմ..., մի ամբողջ շուկայ...։ Մարդկանց անվերջ խմբեր, տուրիստների անվերջ շարքեր ու խուռներամ, իրար վրայ բարձրացող.., աղմկոտ, բարձրաձայն անվերջ մի աղաղակաշարք, եկեղեցու սկզբից մինչեւ խորանի կողմը ծիծաղ ու նկարուողներ...։ Մարդիկ աշխարհի չորս կողմերից, հաւաքուած, նկարում էին չտեսների նման, խօսում, խնդում։ Գլուխները հիջաբով ծածկած իսլամ կանանց խմբեր..., ճապոնացի, չինացի, հնդիկ, աֆրիկացիներ։ Ձայն, խնդուք ու նկարչութիւն անվերջ։ Մի խօսքով, խառնարան, ուր կարելի էր ամէն բան գտնել, բացի Եկեղեցի լինելուց...։
Սիրտս նեղացաւ, նոյնիսկ չէի կարողանում մի մարդու մի հարց տալ Եկեղեցու մասին..։ Մի քանի ռոպէ ետք դուրս ելանք..։
Սպասում էի տեսնել վեհացուցիչ ու եկեղեցական արարողութիւն հիասքանչ ձայներով, ու տեսածովս ահաւոր հիասթափուեցի... հեռացայ Նոթր Դամից։
------
Ու ի՞նչ իմանայի այն ժամանակ. թէ այդ Տաճարի մէջ դարերով թագաւորների, իշխանների, աղքատների ու հոգեւորների բազմադարեայ խնամքի կողքին... 1789-ի ֆրանսիական ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ժամանակ.., ՆԱԽԿԻՆ ամէն բան քանդելու սիրոյն.., այդ յեղափոխութեան ներկայացուցիչները մտան եկեղեցիները, քանդեցին խորանները, տապալեցին խաչերը ու այրեցին ամէն սրբապատկեր...։ Բացեցին բոլոր թագաւորների գերեզմանները անխտիր, ու ոսկորները փողոց նետեցին...։ Պղծեցին Աստուծոյ նուիրուած խորանները, թքելով, քանդելով ու այրելով... ու բարձրանալով գլխաւոր սուրբ սեղանի վրայ, յեղափոխական կանայք մերկ պարեցին այնտեղ, խորանի վրայ, ուր Քրիստոս կը պատարագուէր...., տղամարդկանց սուլոցների ու ծափերի մէջ.. (դմփ դմփ հու-ի նման)...։ Եկեղեցին զրկուեց «Աստուածամօր» նուիրումի իր անունից,... եւ նուիրուեց «ԲԱՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ», ու ապա «ԳԵՐԱԳՈՅՆ ԷԱԿ»ի աղանդներին..։ (Յուսամ հասկանում էք ասածներս)...։ Տաճարի մուտքի աստուածաշնչի թագաւորների արձանները գլխատուեցին ամբոխի կողմից, որովհետեւ կարծեցին թէ նրանք իրենց ՆԱԽԿԻՆ թագաւորներն են...։ Եկեղեցին վերածուեց պղծավայրի..։
Նապոլէոն էր պէտք իրենց, որպէսզի կարողանար, ԱՐՏԱՔԻՆ վտանգների առաջն առնել, ու ապա յաղթանակից յետոյ վերահաստատէր Եկեղեցին իր նախկին փառքին..։ Ֆրանսիան ապրեց պարտութիւններ ներքին ու արտաքին 1815-ին Բրիտանիայի ու դաշնակիցների դէմ պարտութեամբ, 1870-1-ի Գերմանիայի դէմ պարտութեամբ, եւ նոյն տարում, ներքին «Կոմունայի» արիւնալի յեղափոխութեամբ։
Մի քանի օրեր ետք գնացինք Փարիզի մի այլ հրաշագեղ տաճարը, որ կոչւում է «Սուրբ Սիրտ Յիսուս Քրիստոսի», Sacré-Cœur։ Բնականաբար կարծում էի թէ նոյն պատկերը պիտի տեսնէի, աղմուկի, ձայնի ու մարդկանց խմբերի։ Երեկոյ էր, դրսում մթնում էր։
Մտնելով եկեղեցի, զարմացայ։ Միայն քանի մը հոգիներ կային որոնք ծնկադիր ԱՂՕԹՈՒՄ ԷԻՆ հոս ու հոն տարածուած եկեղեցու մէջ..։ Դառնալով երէցկնոջ հազիւ լսելի ասացի. «ինչ լաւ է այստեղ, նայի հոգի ջան, ոչ մի աղմուկ, ոչ մի ձայն...»
Հազիւ բառս բերնիս էր, յանկարծ մի մարդ յայտնուեց կողքիս, չգիտեմ որտեղից..։ Գալով ինձ ֆրանսերէնով ասաց.. «silence, sil vous plaît» (լռութիւն, խնդրեմ)։ Ու գնաց։ Եկեղեցու ժամկոչ պահակն էր։
Ուրախացայ այդ կարգապահութեան ու ահաւոր լռութեան պայմանին համար, վերջապէս մի եկեղեցում էի ուր կարելի էր լուռ ու հանդարտ, գետինը ասեղ գցելով լսելու չափ հանգիստ, աղօթել ու ներհայել առ Աստուած։ Գլխաւոր խորանին, Քրիստոս բացած էր իր ձեռքերը, հրաւիրելով մեզ, մեղաւորներիս, առ ապաշխարութիւն..։
Եւ իրօք, կարդալով իմացայ որ այդ Sacré-Cœur եկեղեցին շինուած բլրան վրայ ուր արիւնալի յեղափոխութիւնը անթիւ մարդոց կեանքերը խլեց.. շինուած էր ԱԶԳԱՅԻՆ ԱՊԱՇԽԱՐՈՒԹԵԱՆ համար։ Կառուցուած էր, որ մարդիկ ապաշխարէին իրենց երկրի, հաւատքի ու իրար հանդէպ, դաւաճանութեան, ատելութեան, բաժանումի, պառակտումի, պարտութեան պատճառներով իրենց մեղքերից, ու ՏԷՐ կանգնէին իրենց արժէքներին ու կորցրած արժանապատւութեան ու հայրենիքին։ Այդ եկեղեցում է ուր ծնկի գալիս են սրտանց աղօթելու, մաքրուելու ու իրենց անթիւ գործած մեղքերից ապաշխարելու..։
-------------------
Գրեցի սա, որպէսզի, երբ գայ օրը, ու դուք ազգովին ազատուէք ձեր սուտ մարգարէից, աղանդի պետից ու կեղծ փրկիչներից, գնաք ազգովին Եռաբլուրի եկեղեցում, ԱՀԱՒՈՐ ԼՌՈՒԹԵԱՄԲ զգաք արարքի ահաւորութիւնն ու գնալով այդ տղոց շիրիմների դիմաց լացով ապաշխարէք...։
Գրեցի սա, որպէսզի, երբ գայ օրը, ու յաջորդ պատերազմը, որը ձեր համար արդէն պատրաստել է ներկայ բաժանարար, սուտ ու պառակտիչ «գերագոյն էակը»։ Երբ նրան մերժելով, վերջապէս քաջութիւնն ու Աստուծոյ դիմաց արցունքն ու պաղատանքը ունենաք ձերբազատուելու ձեր մահացու ՀՊԱՐՏութիւնից, խոնարհաբար վերակազմաւորէք ձեր երկիրը իր բանակով, հոգեւոր ու ազգային արժէքներով, Եկեղեցու սրբութեան հանդէպ ձեր յարգանքով ու Աստուծոյ դիմաց ծնկի գալով, միաբանութեամբ ու հաւատքի քաջութեամբ, ջախջախէք թշնամու ամէն «անպարտելի բանակ»..։
Գրեցի սա, որպէսզի, երբ ԵՌԱԲԼՈՒՐ կամ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ մտնէք, ձեր բերանները ՓԱԿ ԼԻՆԵՆ, ու ձեր աչքերի մէջ լինեն արցունք ու աղօթք, մաղթանք ու ապաշխարանք, չմեղադրելու որեւէ անձի, այլ սկսելով սեփական անձից, որովհետեւ մեր հաւաքական ազգային մեղքերով, մեր ազգի գլխին, մեր ձեռքերով բերինք աղէտը ու պարտութիւնը, պառակտումն ու ատելութիւնը, մահն ու տառապանքը, յուսալքումն ու հայրենիքից արտագաղթը, որի սրտում հողին յանձնեցինք 5000-ից աւելի մատղաշ ու հայրենանուէր կեանքեր, որոնք բոլո՜րը դաւաճանուեցին մեր բոլորի մեղքերով։ Երբ Աստուծոյ աչքին մեր հայրենիքի սրտին մխեցինք մահացու դանակը մեր անտարբերութեան, մեր հաճոյասիրութեան, ու մեր պղծալից կեանքը շարունակելու, երբ անընդհատ պարո՜ւմ ենք.., պարո՜ւմ ենք.., ու պարո՜ւմ ենք անյագ ու հոլանի, մեր անմարդկային անտարբերութեամբ նրանց շիրիմների, ու Արցախի ԾԱԽՈՒԱԾ ու պղծուած խորանների վրայ...։
Մի օր, յուսով եմ շուտով, կ՚արթնանանք որպէս ժողովուրդ ու լռութեամբ երբ մտնենք մեր մտքերի, մեր հոգիների խորքերը որպէսզի տեսնենք այն ահաւոր մեղքերի չափը որ գործեցինք մեր Հայրենիքի նկատմամբ, երբ ՓՈՂԻ ՀԱՄԱՐ ծախեցինք զայն, մատնեցինք զայն, խաչեցինք ու պղծեցինք զայն, սպանեցինք ու թաղեցինք զայն, ապա գնացինք մեղադրելու ԱՄԷՆ մարդու, մանաւանդ մեղադրելու ամէն «նախկինի», բացի, փարիսեցիաբար ու կեղծաւորաբար չտեսնելու մեր սեւ ու մահացու յանցանքները, ու ծախելու մեր հոգին թուրք սատանային...։ Յուսամ որ մի օր շուտով, կ՚զգաստանան մեր հոգիները, ոգեւորութեամբ կը լցուեն մեր սրտերը, ոտքի կը կանգնեն մեր ԲԱՆԱԿՆԵՐԸ, ու կը հասկանանք որ հայի մէջ եթէ չի մեռել ամէն մարդկութիւն, ապա ՏԷՐ ԿԸ ԿԱՆԳՆԵՆՔ մեր աստուածատուր հողին ու ջրին, մեր երկնքին ու զիրար, մեր անձերից աւելի...։
Որովհետեւ ասեց ձեզ Նա սիրոյ մասին, առաւել քան ձեր ԱՆՁԵՐԸ...։ Այո ՆԱ, որի եկեղեցիները մեր յիմարութեամբ, անհեռատեսութեամբ, դաւաճանութեամբ, ուրախութեամբ ու անտարբերութեամբ ծախեցինք թուրքին...։
Յուսամ որ մի օր Հայաստանում էլ կունենանք մեր ԱՊԱՇԽԱՐՈՒԹԵԱՆ տաճարը, որն արդէն Եռաբլուրում է, ու Ծիծեռնակաբերդի նման, ԱԶԳՈՎԻՆ ամէն տարի ուխտի կը գնանք այնտեղ ԳՈՆԷ ՏԱՐԻՆ ՄԻ ՕՐ, ապաշխարելու մեր ազգի բոլոր մեղքերից, որ գործեցինք խորհրդով, բանիւ ու գործով, մե՛ր երկրի, մե՛ր հողի ու մեր նահատակ զինուորների, ու մանաւանդ.. մեր ԱՍՏՈՒԾՈՅ դէմ...։
Տ. Սերոբ քահանայ
May be an image of 4 people
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել