Իշխան Զաքարյանը դուրս չի եկել «Պատիվ Ունեմ» դաշինքից: Իշխան Զաքարյանին այնտեղից դուրս են քաշել ու իր, բնօրինակից ահագին տարբերվող, հայտարարության վերջնական տեքստի մեջ ամեն ինչ բացատրված է: Թեպետ սա կլիներ խիստ օրինաչափ ու տրամաբանական, նույնիսկ եթե նա ոչինչ չասեր:
Տեսեք, մենք ունենք իրավիճակ, որտեղ Ազգային Ժողովում Հայաստանի կապիտուլյացիային Ռուսաստանի համար շատ հարմար քաղաքական ու իրավական կնիք դնելու համար շատ ճշգրիտ կազմ էր հավաքվել: Կա նենգ, հայրենադավ իշխանություն, որը չգիտես ոնց ստանում է ժողովրդի մեծամասնության քվեն, ու կա սկզբունքային, անկոտրուն ընդդիմությունը, որը ջանք չխնայելով պայքարում է, բայց` անընդհատ հերոսաբար տապալվում: Ամեն ինչ սիրուն գծված գնում... ըըը... էր:
Անց են կացվում ՏԻՄ ընտրություններ, որտեղ իշխանությունն իր` համապետական ընտրությունների արդյունքից մոտ 10% պակաս քվե է ստանում, իսկ «հերոս» ընդդիմությունն իր պառլամենտական 20%-ի փոխարեն ստանում է մոտ 2-3%: Հենց այդքան է հավաքում Դաշնակցությունն այնտեղ, որտեղ մասնակցում է սեփական բրենդով, մնացած տեղերում պայմանական «հերոսներն» ամեն ինչ անում են, որ իրենց իրական ղեկավարների մասին մարդկանց ոչինչ չհուշեն ու քիչ ա մնում մոր քֆուր ուտեն, որ իրենց քաղաքական հոր հետ կապ չունեն: Դրան զուգահեռ տեղի ա ունենում արտախորհրդարանական ուժերի հաղթարշավ: Բաբաջանյան Արմանի պրոյեկտը Տավուշում է լուրջ թվեր արձանագրում, Շանթ Հարությունյանը` Սյունիքում, իսկ Վարդանյան Ռուբենը` Հայաստանով մեկ: Տեղ-տեղ ՏԻՄ լծակներ է ստանում նաև Արամ Սարգսյանը: Հիշյալ բոլոր անձանց մի շատ կարևոր գաղափարական ընդհանրություն է միավորում. նրանց բոլորին դժվար է անվանել ռուսոֆիլ: Մեղմ ասած՝ դժվար է:
Այսինքն ստեղծվում է իրավիճակ, որտեղ Աժ-ում 20% ունեցող գուբերնիստները փաստացի ունեն 2-3% ու ընտրությունների դեպքում չեն հաղթահարի նույնիսկ անցողիկ շեմը: Սա բնականաբար շատ մեծ վակուում է ստեղծում Մոսկվայի համար: Կորցնելով քաղաքական հենարանը` բացառված է, որ Մոսկվան կարողանա որևէ դիվիդենտ շահել Կովկասում` սահմանների վերաձևման արդյունքում: Ավելին, շատ արդիական կդառնա Ռուսաստանի վերջնական հեռացումը տարածաշրջանից: Սա արդեն քաղաքագիտական փաստ է, որը կստանա նաև իրավական ձևակերպում, եթե Հայաստանում նորից ընտրություններ լինեն:
Էդ ֆոնին Սերժ Սարգսյանը որոշում է, վակուումը լցնելու նպատակով, կտրուկ ավելացնել հաճոյախոսությունն առ Մոսկվա և դա որոշակի արդյունք է տալիս, երբ Բայդենի դեմոկրատական համաժողովին հակընդդեմ «Եդինայա Ռոսիան» իր համաժողովն է կազմակերպում, որտեղ, ինչքան էլ զարմանալի չէ, ելույթ է ունենում Սերժ Սարգսյանը: Օրերս գրել էի, թե ինչքան աբսուրդ են ՀՀԿ-ականների ելույթները, որոնք միտված էին մարդկանց համոզել, որ Սերժը հակառուս չէ: Սերժը երբեք հակաոչինչ չի եղել, նա եղել է ու կա Հայաստանակենտրոն, որն իր հերթին Մոսկվայի որոշ շրջանակներին սարքում էր հակասերժ: Սա էր միշտ իրական խնդիրը: Հենց այս հակասերժության նվազումն էր արձանագրել «Եդինայա Ռոսիայի» համաժողովում Սերժի ելույթը, ինչն իհարկե մահացու վտանգ է ներկայացնում` տասնամյակներ շարունակ իր դեմ աշխատած, իր ռուսաֆոբ կերպարը ստեղծած, շրջանակների համար:
Լուծումը գտան: Սերժի տակ նախապես տեղադրված բազմաթիվ ականներից մեկը տրաքացրին: Լավ չտրաքեց իհարկե, բայց որոշակի վնաս բերեց: Զաքարյան Իշխանը խմբակցությունից հեռանալու իր հայտարարության մեջ գրել է՝ «Երկրի համար այս ճակատագրական պահին ամենակարևորը... ...հասկանալի և վստահելի համագործակցությունն է մեր ռազմավարական թիվ մեկ դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ»: Այնուհետև նա նշել է, որ իր գործի մեջ կաշկանդված է «Պատիվ Ունեմ» դաշինքում գտնվելու փաստով: Օրիգինալ տեքստն իհարկե շատ ավելի կոպիտ էր, Զաքարյանին հրահանգել էին գրել, որ նա դուրս է գալիս դաշինքից, քանի որ կողմ է Ռուսաստանի հետ միութենական պետության ստեղծմանը, իսկ Սերժը, դե ըստ տրամաբանության, դեմ է... բայց նույնիսկ տարածված հղկված տարբերակում` էս մեղադրանքը փաստացի կա ու այն լուծում է մեկ հարց՝ Սերժին հակառուս ներկայացնելը, որպեսզի վերջինս հանկարծ չհավակնի գոյացած վակուումը լցնելուն:
Այս մարտավարությունը նույնքան պրիմիտիվ ու փակուղային է, որքան «հերոսների» բոլոր մնացած քայլերը, որովհետև չեն բացատրում, թե ինչպես է «Հայաստան» դաշինքը լցնելու այն վակուումը, որը փաստացի արդեն լցնում են արևմտամետ «Ապրելու Երկիրը», «Հանրապետությունը» և այլոք... Բայց դե այլ բան չէր էլ կարելի ակնկալել նրանցից, ովքեր զոռով նշանակել տվին Ալեն Սիմոնյանին ու հիմա իր համար որևիցէ վտանգ չներկայացնող հրաժարականի պահանջով են հանդես գալիս, որ իրանց արևին պալիտ չլնեն:
Ստեղծված իրավիճակում ես Սերժ Սարգսյանի փոխարեն «ձիով քայլ» կանեի ու կհրաժարվեի ՀՀԿ-ի նախագահի աթոռից: Թող Մոսկվայի միակ հենարանը Հայաստանում մնա 2%-անոց Քոչարյան Ռոբերտը, Սիմոնյան Ալենն ու ՀՀԿ-ի նոր նախագահ, ասենք թե, Տարոնը Մարգարյան:
Երկու ամսում խելքները գլուխները կհավաքեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165729625580501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել