Արդեն Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը իր նոր նշանակումով հիրավի վառ ապացույց է հանդիսանում այն պնդմանը, որ ՀՀՇ-ն միշտ էլ եղել է իշխանությունների կողքին:
Երբ մամուլից տեղեկացա, որ Հանրապետության նախագահի հրամանագրով Արա Սահակյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նախ մտածեցի, որ այս տեղեկատվությունը կարող է սխալմունք լինել, բայց երբ, իրոք, համոզվեցի նրա ճիշտ լինելու մեջ, սկսեցի մտորել: Հարգելի ընթերցողներ, ՀԱԿ-ը, որի առանցքը ՀՀՇ-էր, հանրության համար անկախատեսելի է եղել, քանի որ նրանք միշտ էլ շարժվել են «սեզոնային քաղաքականության» օրենքներով, այսինքն մեկ պահանջում են արտահերթ նախագահական ընտրություններ, մեկ էլ այնպիսի անտարբերություն են ցուցաբերում ընտրությունների հանդեպ, որ նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանին որպես թեկնածու չեն առաջադրում:
Մենք բոլորս լավ հասկանում ենք, թե որքան էլ որ Արա Սահակյանը վերջին ժամանակներս իրեն հեռու էր պահում քաղաքականությունից, նա, այնումենայնիվ, շարունակում էր մնալ ՀՀՇ-ի «իդեոլոգներից» մեկը, նա միշտ էլ եղել է և կա Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավորներից մեկը: Եվ հենց այս փաստը մեզ իրավունք է տալիս մտածելու, որ առանց Տեր-Պետրոսյանի իմացության հնարավոր չէր, որպեսզի այս նշանակումը տեղի ունենար:
Հ.Գ. Ըստ իս` սա սկիզբն էր հին լեգեոնի նոր նշանակումների: Ի՞նչ է ստացվում, ՀՀՇ-ն կամաց-կամաց ինտեգրվո՞ւմ է իշխանական համակարգի մեջ, թե՞ սա ուղղակի եզակի բացառություն էր` արված իշխանության կողմից: Այս ամենի պատասխանը ժամանակը կտա, իսկ մեզ մնում է զարմանալ և զարմանալ: