Pastinfo.am-ը գրում է.
Վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 75 %-ի վրա դրված արգելանքը վերացնելու մասին որոշմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել դատական սխալ և բեկանել դատական ակտը։
Հիշեցնենք, որ ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԶՊՄԿ բաժնետոմսերը ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։
Օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ էր ընդունել, այլ նաեւ կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, ինչից ժամեր անց բաժնետոմսերը գնել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերությունը՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն։ Գործարքից անմիջապես հետո գնված բաժնետոմսերի 15 %-ը Տրոցենկոն նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։
Նկատենք, որ բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանվել է բավական ցածր, այդուհանդերձ, անգամ այդ գումարը Տրոցենկոն դեռեւս չի կարողացել վճարել ու պայմանագրում նախատեսվել է հետաձգվող վճարման պայման։ Բացի այդ, խնդիրներ են առաջացել գործարքի վարկավորման համար եւս, քանի որ որոշ բանկեր ռիսկեր են տեսել բաժնետոմսերի ձեռք բերման օրինականության առումով ու խուսափում են վարկ տրամադրել։ Ժամանակը ցույց տվեց, որ բանկերի մտահոգություններն արդարացված էին ու գործարքն անվավեր ճանաչելու ռիսկերն առավել քան առարկայական են։
«Փաստինֆո»-ն տեղեկացրել է,որ Միխայիլ Զուրաբովի ներկայացուցիչները բողոք են ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ պահանջելով վերացնել հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին դատարանի որոշումը։ Հայցվոր կողմի ներկայացուցիչները հայտարարել են, հայցի ապահովման միջնորդության քննության վերաբերյալ դատական նիստ նշանակելու պահից մինչև գործով որոշման հրապարակումը հայցվոր կողմը զրկված է եղել անկախ, անկողմնակալ և անաչառ դատարանի կողմից իր գործի և միջնորդություն քննության հնարավորությունից՝ բարձրաձայնելով միջնորդության քննության և որոշումը հրապարակելու հարցումը դատարանի դրսեւորած շտապողականության մասին։ Ընդ որում, հենց դատական նիստին միջնորդություն ներկայացրած կողմի նոր ապացույցներն ուսումնասիրելու համար հայցվորի ներկայացուցիչը խնդրել է ընդմիջում և չի բացառել նիստը հետաձգելը, ապացույցների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու և լրացուցիչ ժամկետ տրամադրելու անհրաժեշտության համար, որին դատարանն արձագանքել է միայն ընդմիջում տրամադրելով՝ բացառելով դատական նիստը հետաձգելու հնարավորությունը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանը գործել է կողմնակալ: Ըստ հայցվորի՝ առաջին ատյանի դատարանի կողմից դրսևորած հրատապության ու շտապողականության պատճառները բացահայտվել են նույն օրը արգելանքը վերացնելու որոշմանը հաջորդած արգելադրված գույքի վաճառքը, ինչն ուղղակի ապացույց են, որ դատավորի հետ առկա էին պայմանավորվածություններ, որոնք ակնհայտ դարձան միայն դատարանի կողմից որոշումը հրապարակելուց հետո. որոշման հրապարակման օրն արդեն իսկ լրատվական կայքերից, ՀՀ կառավարության հայտարարությունից պարզ է դարձել, որ պատասխանող ընկերության կողմից օտարվել են գործով վիճելի, հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքով արգելադրված բաժնետոմսերի պատասխանող ընկերության 1,649,003 (մեկ միլիոն վեց հարյուր քառասունինը հազար երեք) հատ հասարակ անվանական բաժնետոմսերը կամ 60.0000946%-ը:
Բացի այդ՝ առաջին ատյանի դատարանը, հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը քննարկելիս ու որոշումը կայացնելիս չի ունեցել սեպտեմբերի 15-ին բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշումն ու արձանագրությունը։ Մինչդեռ արձանագրության և որոշման ուսումնասիրությունը թույլ կտար փաստել, որ գործով երրորդ անձ «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից բաժնետոմսերի մարմանը դեմ քվեարկելու պատճառը որևէ պարագայում չի հանդիսացել դատարանի կողմից կիրառված արգելանքը, ավելին, երրորդ անձը զրկված չէր պայմանով որոշում ընդունելու հնարավորությունից, այսինքն՝ երրորդ անձը կարող էր կողմ քվեարկել մարմանը, արգելանքները վերացնելու պայմանով:
Հայցվորը պնդել է, որ բաժնետոմսերի մարման հարցի քննարկման համար հայցվոր ընկերության կողմից ժողովի հրավիրումն ու դրան կողմ քվեարկելն ինքնին հաշտության և հաշտարարության արտադատարանական քայլ է մյուս բաժնետիրոջ հետ ընկերությանն առնչվող կարևոր հարցի վերաբերյալ համաձայնության գալու նպատակով, մինչդեռ երրորդ անձն ամեն կերպ փորձել և ներկայումս էլ փորձում է խոչընդոտել հայցվորի իրավունքների պատշաճ իրացմանը, որպիսի փաստը պետք է հաստատվեր դատարանի կողմից, եթե ապացույցները հետազոտվեին օրենքով սահմանված կարգով և գնահատվեին հայցվոր կողմի մտադրության տրամաբանության մեջ:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է հայցվոր կողմի բողոքը՝ բեկանելով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ։
Ներպետական դատական ատյանների կողմից արդեն իսկ արձանագրվում է ներդրողի, տվյալ դեպքում ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի բաժնետերի իրավունքների խախտում։ Վերջինս կարող է դիմել նաեւ միջազգային ներդրումային արբիտրաժ, որտեղ իրավունքի խախտումը փաստվելու դեպքում արդեն պետք է մեծ չափերի հասնող փոխհատուցում վճարի պետությունը։