«Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիան անմիջական մասնակցություն ունեցավ։ Դա նույնիսկ Անկարան չի հերքում: Դրա մասին կան բազմաթիվ փաստեր: Սակայն զարմանալին այն է, որ միջազգային հանրության ազդեցիկ կենտրոններն ու շրջանակներն արդեն տասնամյակներ շարունակ խոսում են իսլամական ֆունդամենտալիզմի ու ահաբեկչության տարատեսակ ձևերի, այդ թվում՝ պետությունների կողմից հովանավորվող ահաբեկչության դրսևորումների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, սակայն Արցախում պատերազմից մեկ տարի անց, կարծես, ոչ ոք չի հիշատակում Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբերի մասին։ Միջազգային հանրությունն ընդհանրապես մտադիր չէ Թուրքիայի դեմ գործողություններ ձեռնարկել։
Իսկ ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա նրանք ավելի շատ փաղաքշում են Անկարային ու աչք փակում թուրքական վայրագությունների առաջ՝ երկյուղելով նրանից, որ Թուրքիան կարող է իր տարածքում հանգրվանած միլիոնավոր միգրանտներին ուղղորդել դեպի Եվրոպա և եվրոպական երկրները փախստականներով հեղեղելու միջոցով ճգնաժամ հարուցել։ Բրյուսելն Անկարային անգամ միլիարդավոր եվրոների օժանդակություն է տրամադրում, որպեսզի թուրքական կառավարությունը լուծի փախստականներին վերաբերող խնդիրները, իսկ Թուրքիան, փախստականների համար տանելի պայմաններ ստեղծելու փոխարեն, նրանցից ու անելանելի վիճակում հայտնված այլ օտարերկրացիներից գրոհայինների ջոկատներ է հավաքում։ Եվ այն հանգամանքը, որ թուրքական քաղաքականությունը որևէ հակազդեցության չի հանդիպում, Անկարային հնարավորություն է ընձեռում ավելի բորբոքել նեոօսմանական նկրտումները և Մերձավոր Արևելքում իր սահմաններով մեկ ապակայունացնել իրավիճակը, ռազմական գործողություններ հրահրել, կիրառել վարձկաններին, ահաբեկչական ու ճգնաժամային օջախներ ստեղծել։
Ակնառու է նաև միջազգային հանրության լռությունն Ադրբեջանի մասով։ Այդ երկիրը ոչ միայն չի իրագործել նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության պահանջները և հետ չի վերադարձրել ռազմագերիներին, այլև համարձակվում է նոր ռազմական ագրեսիա նախաձեռնել և ոչ միայն օկուպացնել Հայաստանին պատկանող ինքնիշխան տարածքները, այլև նոր գերիներ վերցնել։ Բաքվում դաժանաբար խոշտանգում են հայ գերիներին, նրանց դատում են ու բացահայտ նսեմացնում նրանց արժանապատվությունը։ Սակայն գերիների վերադարձն ապահովելու նպատակով մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների ու քաղաքական գործիչների հայտարարություններից բացի ոչինչ չի ձեռնարկվում Ալիևի վրա ճնշում գործադրելու համար։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն իր հանցագործ քայլերով խաթարում է Սյունիքի սահմանամերձ համայնքների բնակիչների բնականոն կյանքը, սպառնալիքներ ստեղծում սահմանամերձ գոտում մարդկանց կենսագործունեության համար, իսկ Արցախից բռնազավթած տարածքներում ոչնչացնում է հայկական պատմամշակութային կոթողները, վերացնում է հայկական հետքն ու կեղծում պատմությունը։
Այդ երկրի նախագահ Ալիևն էլ պարբերաբար ամբողջ աշխարհի առաջ հրապարակային սպառնալիքներ է հնչեցնում հայ ժողովրդի հասցեին ու ավելի բորբոքում հայության նկատմամբ ազգային թշնամանքն ու ատելությունը։ Բայց միջազգային հանրությունը այդպես էլ համարժեք արձագանքի չի արժանացնում Ալիևի վարչակարգի գործած հանցագործությունները։ Տարբեր երկրներ, միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ միջնորդները, հիմնականում հավասարության նշան են դնում ադրբեջանական ու հայկական կողմերի միջև։ Նույն՝ մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ համարվող Եվրոպան նույնիսկ որևէ մտադրություն չունի Ադրբեջանի ու Ալիևի նկատմամբ կոնկրետ պատժամիջոցներ սահմանել, քանի որ այդ երկիրն անցել է մարդու իրավունքների ոտնահարման բոլոր սահմանները։
Ու այս լռությունը քիչ չէ, բազմաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ ու ընկերություններ պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանին օգնելու ու Արցախից բռնազավթված տարածքներում ներդրումներ կատարելու հարցում։ Այնինչ, այսօր ամենաշատ օգնության կարիքն ունի Արցախի բնակչությունը, որը ադրբեջանական ագրեսիայի զոհ է դարձել։ Թերևս նրանց ամենից շատ Ադրբեջանի գազն ու նավթն է հետաքրքրում, ինչը փաստում է այն մասին, որ միջազգային հանրության ներկայացուցիչներն առաջնորդվում են ոչ թե համամարդկային սկզբունքներով, այլ միայն սեփական շահերով։ Ուստի Հայաստանը պետք է հույսը գլխավորապես իր վրա դնի ու միջազգային հանրության միջամտության պահով սին պատրանքներ չունենա»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։