Panarmenian.net-ը գրում է․
ՀՀ-ն դիմում է Ռուսաստանին՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով, «Հանրայինի» եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Քանի որ ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակում է եղել, դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող՝ 1997 թվականի պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով ու համաձայնագրով փոխադարձ պարտավորություններն իրականացնելու տրամաբանության շրջանակում», - ասել է նա։
Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։
Գրիգորյանը նշել է, որ գրավոր ընթացակարգեր են լինելու։
«Մենք տեղեկացնում ենք հանրությանն ու գործընկերներին, որ այսպիսի գործընթաց ենք սկսում»,- նշել է նա։
Ըստ Գրիգորյանի՝ ակնկալվում է, որ ՌԴ-ն օգնությույն կտրամադրի, և հնարավորություն կունենանք վերականգնելու ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Նա նշել է՝ բազմաթիվ անգամ խոսվել է, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է ՌԴ-ի համար, ու Ադրբեջանը մայիսից խախտել է այդ կարմիր գիծը, ուստի Երևանը դիմում է դաշնակցին, որպեսզի դաշնակցային պարտավորությունների շրջանակում վերականգնվի տարածքային ամբողջականությունը։
«Եթե հնարավոր է լուծել ճգնաժամը բանակցային ճանապարհով՝ ապա լուծել բանակցային, եթե հնարավոր չի լինում լուծել՝ ապա տրամադրել ՀՀ-ին բավական ռազմական օգնություն, որ ՀՀ-ն կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել», - ասել է նա։