168.am-ը գրում է․
«Քաղաքական որոշակի վերադասավորումներ են, քաղաքական թիմն անհրաժեշտ է համարել․․․»,- այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով այդ պաշտոնում իր նշանակմանը:
«Որպես մարզպետ՝ թերացման մասին ես չեմ կարող որևէ գնահատական տալ, էթիկորեն սխալ կլինի։ Ավելին ասեմ, պարոն Հարությունյանի հետ շատ արդյունավետ փոխգործակցել ենք և գրանցել ենք բազմաթիվ հաջողություններ, լիահույս եմ, որ երկուսիս ներկայությունը գործադիրում միայն ի նպաստ մարզի կլինի․․․ Իմ մարզպետ վերադառնալու գործընթացը բնականոն, տրամաբանական այն շարունակությունն է, որն ունեցել ենք ընտրությունների ելքով:
Կարծում եմ՝ այն որոշակի բացթողումները, որոնք եղել են ոլորտում, կկարողանամ համակարգել և ունենալ լավագույն արդյունք: Էլի եմ ասում, պարոն Հարությունյանի հետ կապված որևէ դժգոհություն կամ որևէ այլ վերաբերմունք չկա քաղաքական թիմում, և դրա վառ ապացույցն է, որ նա այժմ նախարարության բավականին բարձր պաշտոնում է»:
Հարցին՝ Շիրակի մարզում ո՞րն է առաջնային խնդիրը, և մարզում քանի՞ գերի կա, Նազելի Բաղդասարյանը պատասխանեց․
«Շիրակի մարզից գերեվարված 62 մեր եղբայրներն են Խծաբերդից, որոնցից այս պահին վերադարձել են 29-ը, 33-ը դեռ գերության մեջ են․․․ Վերադարձի գործընթացը բավականին ինտենսիվորեն ընթանում է, իմ աշխատանքային առաջին իսկ օրը հանդիպել եմ գերեվարվածների հարազատների հետ, նախօրեին մեկ այլ ձևաչափով ևս հանդիպում է եղել, այսօր էլ որոշակի խնդիրներ կային, որոնք կապված էին գերեվարված և անհետ կորածների ֆինանսական աջակցության հետ, մի փոքր ձգձգվել էր․ կառավարության նիստում գումարների հատկացման հարցն ընդգրկվեց և քվեարկվեց․․․»,- ասաց Բաղդասարյանը, ապա հավելեց, որ գերիների վերադարձի վերաբերյալ ցանկացած աղմուկ և մեկնաբանություն վնասում է այդ գործընթացին։



