Թուրքական 3+3 նախաձեռնությանը դրական արձագանքող հայ պաշտոնյաներին հիշեցնում եմ 13 տարի առաջ՝ 2008-ին տեղի ունեցած նմանատիպ դեպքի մասին, որի հետևանքով Վրաստանը փաստացի դարձավ թուրքական վասալություն՝ ամբողջությամբ ընկնելով Թուրքիայի և Ադրբեջանի լծի տակ։
2008-ի օգոստոսին ռուս-վրացական պատերազմի օրերին անգլիական British Petroleum ընկերությունը շտապեց փակել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը՝ վախենալով կորուստներ ունենալ։ Այդ ժամանակ Թուրքիան և Ադրբեջանը կրեցին հսկայական ֆինանսական կորուստներ, բայց Էրդողանը հանդես եկավ «Կայունության և համագործակցության կովկասյան պլատֆորմ» ստեղծելու առաջարկով, որի մեջ պետք է մտնեին Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը:
Այն ժամանակ Ռուսաստանը համաձայնեց՝ փորձելով իր տարածաշրջանային շահերը կյանքի կոչել այդկերպ, բայց Թուրքիայի շահերը մեր տարածաշրջանում երբևէ չեն եղել Ռուսաստանի շահերին համահունչ։ Էրդողանը 2008-ին ձգտում էր «Կայունության և համագործակցության կովկասյան պլատֆորմ»-ով մտնել Հայաստան և Վրաստան, կուլ տալ այս երկու պետությունների տնտեսությունները և դառնալ տարածաշրջանային գերտերություն՝ կյանքի կոչելով պանթուրքիզմի այս փուլը։ Թուրքական այդ նախագիծը, սակայն, կյանքի կոչվեց մասամբ՝ միայն Վրաստանի հատվածում։
Այսօր Վրաստանը ամբողջությամբ Թուրքիայի ազդեցության գոտում է, ամբողջ երկիրը թուրքական բիզնեսի դաշտում է՝ իր հետ բերելով նաև քաղաքական որոշումների կայացման վրա լուրջ ազդեցության։ Դա ինքներս էլ տեսել ենք բազմիցս։ Չասենք նաև Վրաստանի հանրության մեջ պարբերաբար գլուխ բարձրացնող բողոքը՝ թուրքական լծից ազատվելու համար։ Բայց վրացիների համար արդեն ուշ է։
2020-ի արցախյան պատերազմի ակտիվ փուլի ավարտին՝ դեկտեմբերից Էրդողանը հայտարարեց «3+3» նախագծի մասին՝ ներառելով Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։ Դա ճիշտ նույն «Կայունության և համագործակցության կովկասյան պլատֆորմ»-ն է՝ այլ անվանումով։
Ռուսական և իրանական դիվանագիտությունը, կարծում եմ, լավ են հասկանում՝ «3+3» թուրքական նախագծի իրագործման դեպքում ռուսներին մեր տարածաշրջանում անելիք չի լինի, և նրանք ստիպված են լինելու իրենց տեղը զիջել թուրքերին, իսկ Իրանը կհայտնվի ամբողջական շրջափակման մեջ։
Թուրքիան ձգտելու է անպայման տնտեսապես մտնել Հայաստան և գրավել մեր երկիրը ոչ թե զենքով, այլ փողով։ Դա թուրքական կողմին հաջողվել է հայ քաղաքական պաշտոնյաներին համոզելու առումով։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են ՀՀ քաղաքական իշխանության մի շարք օլիգարխներ ու բարձր աթոռների չինովնիկներ լոզոտ բերաններով խոսում թուրքական ճանապարհների ու թուրքական փողերի մասին՝ չհասկանալով, որ թուրքական փողերի առաջին զոհերը հենց իրենք են դառնալու, երբ հանկարծ իրականություն դառնա թուրքական այդ նվաճողական նախագիծը։
Ես հույս ունեմ, որ Հայաստանը տնտեսապես նվաճելու թուրքական երկրորդ փորձը ևս չի իրականանա, և դրա համար մենք՝ հայ հանրությունը պետք է իր հստակ խոսքն ասի։ Ձևեր և միջոցներ կան, պետք է համախմբվել մեկ գաղափարի ներքո և արտահայտել ազգային միասնական դիրքորոշում՝ անկախ քաղաքական իշխանության ապազգային քայլերից։ Դա նաև իշխանությանը կզգաստացնի։v
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158591882608831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել