Հազարավոր զոհեր․․․
Երբևէ փորձե՞լ եք մտովի հաշվել մինչև օրինակ երկու հազարը․․․
Մեկ, ․․․ երկու, ․․․ հինգ, ․․․ քսան, ․․․ երեք հարյուր, ․․․հազար հինգ հարյուր․․․ Համաձայն եմ․ հոգնեցուցիչ է․․․Գուցե թվա նաև ժամանակի անիմաստ վատնում, սակայն հավատացնում եմ, որ հաշվելով ավելի է ընդգծվում մեր կորստի մեծությունը․․․
Փորձեք պատկերացնել ինչպես են նրանցից շատերը վիրավորումից հետո մահվան հոտը զգալով՝ իրենց վերջին շնչից առաջ երազել մինչև երկու հազարը հաշվել կարողանալու րոպեների մասին, րոպեներ որոնց ընթացքում մտավոր հրաժեշտից առաջ ավելի երկար կգրկեին իրենց սիրելիներին, կհասցնեին զարմանալ անկարևոր կարիքների համար պայքարող, իրար ծախող ու տառապող մարդկանց միամտության վրա և հպարտանալ գիտակից մահվան գնալու իրենց հերոսությամբ․․․Ավելի երկար վայելել հայրենի հողի շնորհակալ ջերմությունը․․․Անիծել ազգի դավաճաններին․․․Մտովի հասնել չիրականացած երազանքներին․․․
Այսօր փաստերը չափից շատ են, և կասկած չի մնում, որ իրենցից ոչ միայն այդ րոպեները, այլև մի ողջ լիարժեք կյանք ապրելու հնարավորությունը Փաշինյանն է գողացել․․․
Ըստ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարի հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստի ընթացքում գլխավոր շտաբի պետը ներկայացրել է, որ գնում ենք դեպի պարտության և առաջարկել է դադարեցնել պատերազմական գործողությունները․․․Փաշինյանը սա հերքող ոչ մի ապացույց չի ներկայացնում․․․
Գիտենք նաև, որ Փաշինյանն այսպիսի իրավիճակում մերժել է ՌԴ նախագահի առաջարկած հրադադարը․․․
Այս և բազմաթիվ այլ փաստերով հեշտ է հանգել այն եզրահանգմանը, որ երբ հոկտեմբերի 19-ի դրությամբ իրավիճակը բարելավելու հնար չունես, բայց մերժելով հրադադարը՝ շարունակում ես պատերազմել, ապա դա անում ես քո անձնական թաքնված շահերի, հանուն հայրենիքի աննահանջ պայքարի իմիտացիայով ընտրազանգվածիդ առջև դավաճանիդ պիտակը քողարկելու, Ալիևին ավելի յուղոտ հաղթանակով սնելու և հայերիցս, առանձնապես երկրորդ և երրորդ նախագահներից իր հոր պարտության վրեժն առնելու հնարավորություն նվիրելու համար․․․ Պատահական չէ, որ ալիևը հոխորտում էր, թե հաղթել է Քոչարյանին ու Սարգսյանին․․․ Հետաքրքիր է, որ նա առաջին նախագահի անունը չի տալիս, իսկ վերջինիս ու Փաշինյանի հոգևոր, գաղափարական կապը բոլորին է հայտնի․․․
Եթե ենթադրենք, որ անգամ ինչ-որ պահի Փաշինյանի մեջ խիղճն արթնացել է, և որոշել է իր մտավոր հորիզոնի շրջանակում, գոնե որևէ դրական քայլ անելու նկատառումով հրաժարվել հրադադարից, կարծելով՝ թե ադրբեջանցի փախստականներով վերաբնակեցված Շուշին հետագայում «խառնաշփոթի» պատճառ կարող էր դառնալ, դա նույնպես իրեն չի արդարացնում․․․
Իշխանազավթումից հետո բանակը թուլացնելուց, փորձառու կադրերից ազատվելուց, քեզ կոնֆորմիստ դավաճաններով շրջապատելուց հետո, քո տևական անպատասխանատու, դավաճանական գործունեության պատճառով պայքարի համապատասխան ռեսուրսների բացակայության պայմաններում Շուշին ադրբեջանցիներով չվերաբնակցնելու համար գործադրածդ ռիսկը նորից համարժեք է դավաճանության, որովհետև ի վերջո վատ արված գործը գողությունից էլ վատ է, իսկ դու լավ գործի և՛ մտավոր, և՛ ֆիզիկական հնարավորություններից զուրկ լինելով՝ արդյունքում նորից առնվազն գողացել ես մեր հայրենիքի մի մասն ու հազարավոր տղերքի կյանքերը․․․
Որքան էլ կարող է շատերի համար տարօրինակ թվալ, բայց որպես հայ մարդ, ամեն անգամ Փաշինյանին մեղադրելիս ողջ սրտով ցանկանում եմ սխալ դուրս գալ ու արդարացնել նրան հենց միայն այն հույսով, որ մեր ժամանակաշրջանում հայ ազգն այնքան մաքուր է, որ զուրկ է դավաճաններից․․․
Ցավով եմ նշում, բայց անհնար է Փաշինյանին արդարացնելու որևէ տրամաբանական եզր գտնելը․․․
Որքան էլ անհավատալի է, բայց Փաշինյանն իրական է, ապրում է մեր երկրում և շարունակում է դավաճանել իր ազգին, եթե իհարկե առհասարակ իրեն այս ազգից է համարում․․․
Շարունակում է դեմքի հավատ ընծայող արտահայտությամբ մանիպուլացնել հասարակությանը և գուցե հոգու խորքում զարմանալ մարդկանց կարճամտության, իր հանդեպ նրանց տարօրինակ ու հիվանդագին հավատարմութան վրա․․․
Ցավալի է, բայց մեր հասարակությունում շատ են այնպիսինները, ովքեր սիրելով իրենց երեխաներին, նրանց նյութական բարեկեցության համար ոչինչ չխնայելով՝ տարօրինակ հեզությամբ ու հնազանդությամբ շարունակում են իրենց երեխաների ապագան վստահել նրանց, ովքեր հանուն իրենց շահերի թքած ունեն մարդկային կյանքերի վրա, ովքեր անգամ զինվորի դիակի հետ են անփույթ վարվում, ովքեր անկախ նախապես ներողություն խնդրելուց, ԱԺ ամբիոնից իրենց թույլ են տալիս զոհերի մասին պլուս, մինուս հիսունով խոսել, ովքեր ասում են, որ զոհվողները հանուն ոչնչի են զոհվում, ովքեր դավադիր պատերազմում իրական հերոսներին սպանելուց հետո կեղծ ազատամարտիկների օգնությամբ փորձում էին մաքրել իրենց արյունոտ ձեռքերը․․․Ովքեր գերիների վերադարձի հստակ ժամկետներ ֆիքսելուց խուսափել են, իսկ հետո հայտարարել, որ նրանք կարող են մեկ-երկու ամիս ավել մնալ գերության մեջ, ովքեր ԱԺ նախագահի լեզվով ասում են, որ հայ գերիներին թշնամին չի տանջում, հետո հանրային պարսավանքի ճնշան ներքո խոստովանում են այդ փաստը․․․
Եթե լկտիության ու անամոթության համաշխարհային մրցույթ լիներ, գուցե Փաշինյանի թիմակիցները նշեին, որ հայերն իրենք են իրենց սպանել և ադրբեջանցիներն ոչ նախահարձակ են եղել, ոչ էլ հայ են սպանել․․․
Սրանց հանդեպ հանրային համընդհանուր նողկանքի տարատեսակ դրսևորումներն ի ցույց կդնեն հայ ազգի արժանապատվությունը և կօգնեն նաև համապատասխան կենտրոններին ըմբռնել, որ սրանց մասնակցությամբ կառուցվող տարածաշրջանային խաղաղությունը վարկաբեկում է ոչ միայն խաղաղության երաշխավորներին, այլև այդ խաղաղությունն անկայուն հիմքերի վրա է դնում, որովհետև սրանք, ովքեր դավաճանել են իրենց հայրենիքին, ապագայում չեն զլանա դավաճանել նաև իրենց հայրենիքը պաշտպանող դաշնակիցներին․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել