«Բազմաթիվ են պետության համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրները, որոնք հատուկ ուշադրության և անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման կարիք են զգում։ Սակայն ներկայումս այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ այդ խնդիրների հարցում իսկական քաոս է երկրում։ Եվ պատահական չէ այն տպավորությունը, որ կարծես պետության գործունեությունը պարալիզացվել է, իսկ իշխանություն ընդհանրապես գոյություն չունի, որպեսզի համապատասխան հարցերով զբաղվի։ Այդպիսի ամենաթողության պատճառով է, որ երկրում հանցավորության մակարդակը հասել է անասելի չափերի, իսկ ծանր հանցագործությունների մասին տեղեկությունները դարձել են ամենօրյա լրահոսի անբաժանելի մասը։ Իրավիճակի նկատմամբ ո՛չ համապատասխան հսկողություն կա, ո՛չ էլ հանցավորության դեմ լիարժեք պայքար։
Դրա փոխարեն հանրությանը փորձում են զբաղեցնել «բռնոցի-թողոցի» շոուներով։ Եվ դրանք ինչքան հնչեղ վերնագրերով հայտնվեն մամուլում, այնքան իշխանությունների սրտով է, քանի որ քչերն են ուշադրություն դարձնում, որ այդ լույսի ներքո հարուցված քրեական գործերը շատ չանցած կարճվում են, դրանից հետո նոր գործեր են հարուցվում, որոնք ևս կարճվում են և այդպես շարունակ։ Հանցավորության իրական պայքարի խնդիրները թողած՝ իրավապահ համակարգը հիմականում ընդդիմադիրներով է զբաղված, իսկ իշխանություններն էլ իրենց հերթին շարունակում են հանրության շրջանում ատելության ու թշնամանքի գեներացման ավանդական գործելակերպը։ Բնականաբար, ատելության գեներացումն իր արտացոլումն է գտնում անհատ քաղաքացիների շրջանում, ինչն էլ իր հերթին նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցավորության աճի համար։
Իսկ հայհոյանքը քրեականացնելու պես նախաձեռնություններով հնարավոր չէ արմատախիլ անել ատելության մթնոլորտը, քանի որ դրանով իշխանությունները բացառապես միայն իրենց շահերը պաշտպանելու հարցն են լուծում։ Էլ ավելի բարձիթողի վիճակ է առողջապահության ոլորտում։ Երբ համաճարակային իրավիճակը համեմատաբար բարվոք էր, իշխանությունները հանրության հետ աշխատելու անհրաժեշտ քայլեր չէին ձեռնարկում պատվաստումներին նպաստելու և արագացնելու մասով (երևի ավելի կարևոր գործեր ունեին), սակայն հիմա, երբ ցրտերն ընկել են, իրավիճակն արդեն կրիտիկական կետի է հասել, հիշում են, որ հակապատվաստումային տրամադրություններ կան։ Ու այդ ֆոնի վրա քաղաքացիները կրկին տուգանքի մատերիալ են դառնալու, քանի որ արդեն բաց տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր։
Ըստ այդմ, կրկին արժե հիշել, թե ինչպիսի խանդավառությամբ էր ժամանակին Փաշինյանը հայտարարում, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Ի դեպ, հետաքրքիր է, որ անցյալ տարի համաճարակային իրավիճակի պատճառաբանությամբ իշխանությունները կասեցրին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, ու այդ փոփոխություններն անցկացրին ԱԺ-ի միջոցով։ Այդ դեպքում, ինչո՞ւ հիմա էլ չեն կասեցնում կամ հետաձգում ՏԻՄ ընտրությունները։ Բայց սա առանձնապես զարմանալի չէ. այս իշխանությունները միշտ բացառապես երկակի չափանիշներով են առաջնորդվում։ Նրանց ոչ այնքան քաղաքացիների առողջությունն է հետաքրքրում, այլ այն, թե ինչպես կարող են իրենց լծակներն օգտագործելով՝ «զավթել» նաև ՏԻՄ համակարգը։ Մյուս կողմից էլ՝ եթե բարձրագույն իշխանության ներկայացուցիչները չեն պահում հակահամաճարակային կանոնները, ապա ինչպե՞ս են ակնկալում, որ դրանք պահեն քաղաքացիները։
Հատկապես տարակուսանքի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ մի շարք պաշտոնատար անձինք իրավական տեսանկյունից հնարավորություն են ստանում չհետևել կանոններին, դիմակ չկրել և այլն։ Օրինակ՝ առողջապահության նախարարի հրամանի համաձայն, մի շարք պաշտոնատար անձանց գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողներն ու միջոցառման անմիջական մասնակիցները կարող են դիմակ չդնել:
Եվ հարց է առաջանում, թե ինչո՞վ են այդ իշխանավորներն արտոնյալ հասարակ քաղաքացիների նկատմամբ։ Առանց այդ էլ Հայաստանն այսօր քաղաքական, տնտեսական և անվտանգային առումով բավական բարդ իրավիճակում է հայտնվել, սակայն իշխանություններն իրենց անկազմակերպ ու անհասկանալի քայլերով երկիրը ծայրահեղ լուրջ ճգնաժամի առաջ են կանգնեցնում։ Եվ բացառված չէ, որ այդպես են վարվում, որպեսզի իրենց դեմ դժգոհության ալիքը խեղդեն համաճարակային իրավիճակի սրացման միջոցով»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։