Ռազմինֆոյի ուշադրության կենտրոնում զորացրված երիտասարդներն են: Արդեն մի քանի անգամ է, ինչ ներկայացնում ենք, թե ինչպիսի տպավորություններով են տղաները վերադառնում բանակից: Այս անգամ մեր զրուցակիցը Եղվարդից Գևորգ Սիմոնյանն է: Նա ծառայել է ՀՀ զինված ուժերում 2011-2013 թթ:
—Մինչ բանակ գնալը ինչպիսի՞ կարծիք ունեիք բանակի ու զինվորական ծառայության մասին:
Դեռ մանկուց ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ ծառայելու եմ Հայոց բանակում: Իհարկե, կողքից լսել եմ տարբեր կարծիքներ, բայց միշտ գիտակցել եմ, որ դա մեր` անխտիր բոլորիս, սրբազան պարտքն է, ու որպես իրական տղամարդ, որպես հասուն մարդ կայանալու պարտադիր պայման է:
—Արդյո՞ք Ձեր պատկերացումների բանակն ու իրական ծառայությունը համընկան:
Ինձ թվում է, որ բանակի վերաբերյալ տրամադրվածությունը մեծ ազդեցություն է ունենում բանակի մասին կարծիք կազմելու համար: Եթե մարդ արդեն բացասական տրամադրվածությամբ է զորակոչվում, արդեն ամեն ինչ էլ իր աչքին վատ է երևում: Չէ՞ որ կիսով չափ լցված բաժակի մասին տարբեր կարծիքներ են լինում. մի մասը մտածում է, որ այն կիսով չափ լիքն է, իսկ մյուս մասը մտածում է, որ կիսով չափ դատարկ է: Իմ պատկերացումներն էլ այդպես եղան:
Բանակի ամեն մի իրական բան ես ինքս փորձում էի համադրել իմ պատկերացումներին: Կային բաներ, որ ինձ հաջողվում էր համադրել, բայց լինում էր և այնպես, որ չէր համադրվում…
—Կասեք`օրինակ ի՞նչն այդպես էլ չհամադրվեց:
Ես ինձ պատկերացնում էի համազորային ծառայության մեջ, բայց ինձ զորակոչեցին այնպիսի զորքեր, որ չգիտեի էլ, թե անգամ այդպիսի զորքեր կան: Իսկ ընդհանրապես ինչքան էլ համադրես, միևնույնն է՝ բանակում ամեն ինչ նորովի է ներկայանում:
—Այն, որ Ձեր ծնողները զինվորական են, հեշտացրեց, թե՞ ավելի բարդացրեց Ձեր գործը:
Շատ անգամ բարդացրեց: Ես շատ ավելի մեծ պատասխանատվություն էի զգում իմ ուսերին: Ես միշտ փորձել եմ ծնողներիցս թաքցնել բանակում ունեցած դժվարությունները, ամեն անգամ իրենց հետ խոսելիս ներկայանալ ինչքան հնարավոր է բարձր տրամադրությամբ, անկախ նրանից, թե ինչ տրամադրություն ունեի: Քո մի փոքր տխրությունն անգամ իրենց համար հարյուրապատիկ ծանր է, ու ամեն վայրկյան նրանք քո մասին են մտածում: Բայց եթե ծնողդ քեզնից լավ գիտի բանակի դժվարությունները, որևէ բան թաքցնելը շատ ավելի դժվար է դառնում:
—Կարելի՞ է ասել, որ Դուք Ձեր տարեկից զինծառայողներից ավելին գիտեիք ծառայության մասին:
Չեմ կարող ասել, թե ավելին գիտեի….
—Կհիշե՞ք Ձեր բանակ զորակոչվելու օրը, ի՞նչ էիք զգում, ի՞նչ էր կատարվում:
Բանակ զորակոչվել եմ 2011 թվականին: Արդեն գիտեի, որ բանակ եմ գնալու: Հավաքվել էին բոլոր ընկերներս, հարազատներս, բարեկամներս ու ամեն մեկն իր իմացած ու իր ժամանակի խորհուրդներն էր տալիս: Պահը, իհարկե, շատ հուզիչ էր, բայց ես տրամադրված էի ամեն ինչ տեղում տեսնել ու հասկանալ: Բայց ամենից հուզիչ պահը, իհարկե, ավտոբուսի շարժվելու պահն էր: Դրանից հետո միանգամից շատ մեծ քանակությամբ ինֆորմացիայի հոսք, նոր մարդիկ, նոր միջավայր, նոր աշխարհ ու ոչ մի ծանոթ մարդ: Երեկվա պես հիշում եմ այդ օրը:
—Երբ մտաք զորամաս, ի՞նչ կատարվեց: Դրանից հետո ի՞նչ փոխվեց:
Մտանք զորամաս արդեն կեսգիշերն անց էր: Հնչել էր «քուն» հրամանը, և բացի վերակարգից բոլորը քնած էին (չնայած, որ բոլորին ել հետաքրքիր էր, թե ովքեր են եկել ) (ժպտում է):
Համազգեստ ու պարագաներ տվեցին, մեզ «հանձնեցին» մեր սերժանտին ու նա մեզ տարավ ննջարան, ցույց տվեց մեր տեղը: Չնայած, որ շատ հոգնած էի, բայց այդպես էլ չկարողացա քնել: Առավոտյան սկսեց լրիվ նոր կյանք….
—Ինչի՞ց էիք վախենում:
Ոչնչից ոչ մի անգամ չեմ վախեցել: Բանակում գիտակից մարդու համար վախենալու բան չկա: Ուղղակի բանակը մի տեղ է, որտեղ քեզ պետք է կարողանաս դրսևորել, առանց նախորդ շրջապատի ու միջավայրի, իսկ դրա լավագույն տարբերակն է` լինել այնպիսին, ինչպիսին որ կաս: Սկզբնական շրջանում կարող է նոր պատասխանատվությունից ելնելով փոքր-ինչ լարվածություն լինել:
—Այն, որ սահմանապահ զորամասում եք ծառայել, ու որ հակառակորդը ընդամենը մի քանի մետրի վրա էր, չէ՞ր անհանգստացնում:
Դե եթե դա մեզ պիտի անհանգստություն պատճառեր, ուրեմն մենք բանի պետք չէինք լինի(Ժպտում է): Դա թշնամուն պիտի անհանգստություն պատճառի: Ուղղակի պիտի շատ ուշադիր լինել, գիտակցել, որ դիմացդ թշնամին է, իսկ թշնամին նենգ է ու խորամանկ, իսկ թիկունքումդ քո հայրենիքն է, որը իր հույսը քեզ վրա է դրել: Պիտի շատ խիստ հետևել կանոնադրությանն ու կատարել հրամանատարների հրամանները:
—Հայ-ադրբեջանական գծի այդ հատվածում հրադադարի ռեժիմը հաճախ է խախտվում: Երբ առաջին անգամ Ձեր ծառայության ընթացքում իրավիճակը լարվեց, կհիշեք ի՞նչ էր կատարվում, արդյո՞ք Դուք դրան պատրաստ էիք: Մի բան է դա պատկերացնել, մի բան է, երբ այն իսկապես իրականություն է:
Այո, լինում էին այդպիսի դեպքեր, ու, իրոք, այլ բան է լսել և լրիվ այլ բան է ներկա լինել: Իհարկե, կա լարվածություն, կա ադրենալինի մեծ հոսք, բայց կարևորը հանգստություն պահպանելն է ու ըստ մարտական հաշվարկի գործելը: Այդ պահերին շատ բան կախված է հրամանատարների գիտակից ու բանիմաց գործողություններից:
—Կպատմե՞ք Ձե՛ր զգացողության մասին, երբ իրավիճակը իսկապես լարված էր:
Զգացումները այնպիսին են, որպիսին երևի էլ ոչ մի տեղ չես հանդիպի: Անսահման լարվածություն ես զգում, երբ լսում ես քո կողմ թռչող գնդակների սուլոցները: Անընդհատ մտածում ես ոչ միայն քո, այլ քո կողքին կանգնած ընկերոջ ու թիկունքում գտնվող հայրենի հողի մասին:
—Բանակ զորակոչվել եք համեմատաբար մեծ տարիքում, դա Ձեզ համար առավելությո՞ւն, թե՞ թերություն էր:
Ինձ թվում է` դա իմ դեպքում առավելություն էր: Սկզբում ես ծառայում էի ուսումնական դասակում, ուր բոլորը բարձրագույն կրթություն ունեին, կոնկրետ մեր դասակում բոլորը իմ տարիքի էին: Հետո դա ինձ հնարավորություն տվեց մասնակցել դասակի հրամանատարի դասերին և ստանալ «ավագի» կոչում: Իսկ երբ դու հրամանատար ես, փորձը օդ ու ջրի պես է անհրաժեշտ:
—Ի՞նչ տեղ ունի ֆիզիկական պատրաստվածությունը բանակում:
Ֆիզիկական պատրաստությունը բանակում ես կդասեի առաջին հորիզոնականում: Առանց ֆիզիկական պատրաստվածության չկա առողջություն, դիմացկունություն, ինքնավստահություն: Եթե զինվորը ֆիզիկապես պատրաստ չէ, նա չի կարող լուծել ո՛չ կրակային, ո՛չ մարտավարական, ոչ էլ այլ խնդիրներ:
—Կնշե՞ք խնդիրներ, որոնք հանդիպել եք սպաների ու զինվորների շրջանում:
Ինձ թվում է, որ բանակում ծառայության հանդեպ տրամադրվածության խնդիր կա: Ու այդ տրամադրվածության խնդիրը կա և՛ սպաների, և՛ զինվորների մոտ: Պետք է մարդուն ամենից առաջ հոգեբանորեն պատրաստել, ու ես համոզված եմ, որ դրանով բանակում խնդիրները մի քանի անգամ կնվազեն:
—Ի՞նչը կփոխեիք բանակում:
Հենց այդ հոգեբանական վիճակն էլ կփոխեի: Ինձ թվում է` եթե մեր բանակի պայմանները գերազանց էլ չեն, ապա հաստատ լավ են, ուղղակի պետք է գիտակցել, որ դու բանակում ես գտնվում, իսկ բանակում պայմանները մոտեցրած են պատերազմայինին, որպեսզի պատերազմի ժամանակ դա քեզ շատ խորթ չթվա: Մեկ էլ մեր բանակին սեփական մասնագիտությանն իսկապես տիրապետող սպաներ ու սերժանտներ են պետք:
—Սնունդից գո՞հ էիք:
Երբ նոր էի զորակոչվել, մեր զորամասի ճաշարանը այդքան էլ լավը չէր, սակայն մի քանի ամիս հետո այն վերանորոգեցին, և ամեն ինչ շատ լավ էր ու համեղ: Իհարկե, մայրիկի պատրաստած ուտեստները չէին, բայց էլի համեղ էին:
—Ինչպե՞ս եք վերաբերում կանանց ծառայությանը:
Բանակում կան հաստիքներ, որոնք կարող են կանայք զբաղեցնել, բայց կոնկրետ ռազմական գործն ինձ թվում է` կանանց համար չէ: Այնպես չէ, որ կանայք չեն կարող դա անել, ուղղակի կանայք մեզ ուրիշ ոլորտներում ավելի են պետք: Բանակում էլ շտաբային գործերի, բուժքույրության համար, իհա՛րկե, կանայք պիտի լինեն, բայց կոնկրետ ռազմական մասը տղամարդիկ պիտի անեն:
—Դուք երկու տարի առաջ ու հիմա, շա՞տ եք փոխվել: Բանակն ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել Ձեզ վրա:
Շատ եմ փոխվել: Ես ինքս զգում եմ, որ կյանքում շատ բաների սկսել եմ ուրիշ աչքով նայել: Կյանքում մի քանի դպրոցներ եմ անցել` բակ, դպրոց, սպորտ, համալսարան, բայց բանակի տված դասերը տարբերվում են բոլորից:
—Կնշե՞ք ամենամեծ դասը:
Ամենամեծ դասը լիովին օտար ու դժվար միջավայրում, լիովին մենակ, քեզ որպես անհատականություն դրսևորելն ու ամեն ինչին բաց աչքերով նայելն է:
—Հետբանակային ադապտացիա, հե՞շտ եղավ:
Հետբանակային ադապտացիան ինձ մոտ մի քիչ բարդ ստացվեց: Երևի քաղաքացիականից բանակայինի ավելի հեշտ եղավ, քան բանակայինից քաղաքացիականի: Արդեն երկու ամսից ավել է անցել, բայց ես դեռ ինչ-որ բաներ իմ գործողություններում էլի նկատում եմ:
—Օրինակ ի՞նչ:
Օրինակ մեր զորամասում ընդունված էր ուտելուց հետո ափսեն հավաքել, այդպես մենք թեթևացնում էինք ճաշարանի վերակարգի գործը: Հիմա էլ ես սեղանից վեր կենալուց ափսես հետս վերցնում եմ (Ժպտում է):
—Հետաքրքիր ինչ-որ բան կպատմե՞ք բանակային կյանքից:
Երբ ուզում եմ բանակից ինչ-որ հետաքրքիր բան հիշել ,միանգամից իմ շանն եմ հիշում` Տարզանին: Տարզանը մեծ գերմանական հովվաշուն էր: Նրան մեր սպաներից մեկն էր փոքր ժամանակվանից մեծացրել, բայց հետո զորացրվել էր ու Տարզանին թողել: Շատ գազազած շուն էր, ու բոլորը վախում էին նրանից: Նա մի անկյունում կապած էր ու միայն հեռվից հաց ու ջուր էին տալիս: Երբ հանկարծ բացվում էր, միանգամից վազում էր սարերը, որտեղ գյուղացիները ոչխար էին պահում: Մի անգամ Տարզանն էլի բացվեց ու վազեց ոչխարների կողմը, բայց հովվի գամփռները Տարզանին մի լավ գզեցին, անգամ ականջն էին պոկել: Տարզանն այդպես արյունոտ եկել նստել էր մի պատի տակ ու չէր կարողանում շարժվել: Բոլորը վախենում էին մոտենալ: Ես էլ այդ ժամանակ նոր էի եկել այդ հենակետ ու կենդանիներին էլ շատ եմ սիրում: Վերցրի բժշկական պայուսակն ու մոտեցա: Սկզբից գռմռաց, բայց հետո զգալով որ ես հիմա իրենից ավելի ուժեղ եմ` հանձնվեց:
Մի երկու շաբաթից Տարզանը լրիվ ապաքինվեց: Ուր գնում էի հետևիցս գալիս էր, մի խոսքով ինչ ասեի անում էր` էլ ոչխար չէր ուտում: Ուրիշ շան որ սիրում էի խանդում էր, վազելով գալիս էր ու այդ շանը կծում: (ծիծաղում է)
—Իսկ հիմա առանց այդ շանը ի՞նչ եք անում:
Ընկերներս միշտ ասում էին. «մի հատ այս շանը կպի տեսնենք Տարզանը ինչպես է խանդում»: Բոլորը վախենում էին Տարզանից, ես պառկում էի ու գլուխս դնում վրան…. Ու այդպես Տարզանի հետ ընկերություն արեցինք: Զորացրվելուս օրը Տարզանը չմոտեցավ ինձ: Կանչեցի չեկավ: Մոտեցա, որ սիրեմ` գռմռաց, մի հատ ձեռքս կծեց շատ թույլ ու փախավ: Մի օր էլ գիշերը գնացել էր անտառ ու ցանկացել կոզնի (дикобраз) բռնել: Ու այդ կոզնու փշերը, մոտ 10-15 հատ խրվել էին Տարզանի վրա: Ինձ տեսավ, վազելով, գլուխը կախ, կարծես ամաչելով, եկավ մոտս: Սկսեցի փշերը հանել: Ես հանում եմ, ինքը ձեռքերս է լպստում: Այդ փշերից երեք հատը մինչև հիմա պահում եմ:
Զրուցեց` Հասմիկ Մելիքսեթյանը