«Նոյեմբերի 9-ին կլրանա եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարին, երբ ռազմական գործողությունները կանգնեցնելու և հրադադարի հաստատման համար հայկական կողմին, իսկ ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանին, կապիտուլյացիոն պայմաններ պարտադրվեցին։ Եվ հենց այդ տարելիցին ընդառաջ էական նշանակություն ունեցող տեղեկատվական արտահոսք է տեղի ունենում։ Այն մասնավորապես վերաբերում էր նոյեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Մոսկվայում եռակողմ ֆորմատով հանդիպման ու երկու նոր փաստաթղթերի ստորագրման հարցին։
Ըստ իշխանամերձ ԶԼՄ «արտահոսած» տեղեկությունների, առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը։ Փաստացիորեն ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը, ըստ այդմ, հրաժարվում է Արցախի անկախության բարձրաձայնումից։ Երկրորդ փաստաթուղթը, նույն «տեղեկություններով», վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհմիջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին:
Թերևս դրանով էր պայմանավորված, որ Ալիևն օրերս հայտարարում էր, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ իրենք հասնում են իրենց ուզածին։ Հասկանալի է, որ նախապատրաստվող նման փաստաթղթերի ստորագրումն, ըստ էության, նշանակելու է Հայաստանի նոր կապիտուլյացիա՝ այս անգամ արդեն դիվանագիտության դաշտում։ Ակնհայտ փաշինյանական այս «սլիվից» շատ չանցած՝ նմանատիպ տեղեկատվություն է հրապարակվում նաև ռուսական մամուլում, թե Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում տեղի է ունենալու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը, որի շրջանակներում քաղաքական գործիչները ծրագրում են եռակողմ հայտարարություններ ստորագրել։
Ճիշտ է՝ այս թեմային անդրադառնալով՝ ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարեց, թե Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում այս պահին նախատեսված չէ, բայց հանդիպումների առաջարկներ քննարկվում են, իսկ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը չափազանց դիվանագիտական պատասխան տվեց, թե նման պայմանավորվածություն ձեռք բերվելու դեպքում այդ մասին ժամանակին կտեղեկացնեն, սակայն նրանք, ըստ էության, չբացառեցին, առավել ևս չհերքեցին եռակողմ հանդիպման կազմակերպման ու նմանատիպ բովանդակություն ունեցող փաստաթղթերի ստորագրման հավանականությունը։ Եվ պատահական չէ, որ այս փաստաթղթերի ստորագրման մասին արտահոսքը առաջին հերթին լրատվական դաշտ է սպրդում հենց այս օրերին, այն էլ՝ իշխանամերձ լրատվականի կողմից։
Ուստի տրամաբանական են այն վերլուծությունները, որ դա անձամբ Փաշինյանի կողմից է կազմակերպվել։ Բայց սրանով ի՞նչ խնդիր է փորձում լուծել Փաշինյանը։ Վերջինս, կարծես թե, առաջին հերթին փորձում է շոշափել հանրային տրամադրությունները: Սա տրամաբանական է, բայց միայն առաջին հայացքից։ Իրականում կան նաև հարցի այլ անկյուններ ու խութեր: Հնարավոր են մի քանի այլ պատճառներ, մասնավորաբար այն, որ գուցե Փաշինյանը ստորագրի ավելի մեղմ փաստաթղթեր, քան իր իսկ «սլիվում» նշվածն է, որպեսզի հանրությանը հանգիստ մոլորեցնի «փրկության» հերթական ճառերով ու «մուննաթով», թե բանից անտեղյակ՝ աղմուկ եք բարձրացրել:
Հավանական են նաև քննարկումները, որ նա փորձում է փրկել իրեն, քանզի թե՛ ստորագրելու, թե՛ ստորագրումից ուղիղ հրաժարվելու դեպքում իրենից կարող են «հրաժարվել» ոչ միայն Ռուսաստանը, այլև Ադրբեջանն ու Թուրքիան: Այս համատեքստում անհամեմատ ավելի հրատապություն է ձեռք բերում այն հարցը, թե ի՞նչ պետք է անեն քաղաքական ուժերն ու քաղաքացիները, որպեսզի հնարավոր լինի կանխել Հայաստանի վզին նոր ստորացուցիչ պայմանների փաթաթումը։
Այստեղ կարևոր հանգամանք է այն, որ մասնավորաբար «Հայաստան» դաշինքը վերսկսում է հակակառավարական ցույցերը: Եվ արդեն իսկ նոյեմբերի 9-ին ու նոյեմբերի 10-ին Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ իրազեկումներ են ուղարկվել քաղաքապետարան։ Ընդ որում, հատուկ շեշտվել է, որ այս իրազեկումներն ուղարկվել են մոտ տասն օր առաջ, այսինքն՝ ավելի շուտ, քան տարածվել էր փաշինյանական «արտահոսքը»: Նշվել է նաև, որ ավելի շուտ հանրահավաքներ անցկացնելը չի բացառվում:
Պարզ է, որ ներկայիս իրավիճակում ընդդիմության գլխավոր խնդիրը պետք է լինի պարտված ու հեղինակազրկված իշխանությունների հեռացումը։ Եվ այս տեսանկյունից պետք է հաշվի առնել, որ հանրային դիմադրությունն իր բարձրակետին կարող է հասնել այն ժամանակ, երբ իշխանությունները երկիրը նոր կապիտուլյացիայի տանելու փորձ անեն։ Սակայն զարմանալի է, որ ընդդիմության նախաձեռնությունը որոշ շրջանակների կողմից ոչ միանշանակ ընկալում է գտնում։ Երբ իրական ընդդիմության վրա հարձակվում են իշխանության «ասեղը թելողները», դա հասկանալի է: Սակայն անհասկանալի է, թե ո՞ւմ շահերն են սպասարկում ընդդիմության գործողությունների վարկաբեկման արշավ սկսած նշյալ շրջանակները, որոնք իբր հականիկոլական են իրենց ներկայացնում, բայց ուղղակիորեն աշխատում են որպես ընդդիմության ընդդիմություն։ Արդյունքում կյանքի են կոչում ընդդիմությանը պառակտելու Փաշինյանի ծրագրերը, որոնց մասին, ի դեպ, մենք նշել ենք դեռ ամիսներ առաջ:
Այնինչ, այսօր չափազանց կարևոր է ցանկացած ընդդիմադիր ուժի նախաձեռնողականությունը, և բոլորի մասնակցությունը փողոցային պայքարին: Անկախ նրանից՝ ով է դա կազմակերպում: Խոսքն, իհարկե, իրական ընդդիմադիր ուժերի մասին է, այլ ոչ պսևդոների: Կշեռքի նժարին երկրի ճակատագիրն է...
Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ կայացավ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ հայտարարվեց, որ հավանական է՝ փողոցային պայքարը (հանրահավաքներ, երթեր, ճանապարհների փակում) կարող է սկսվել նոյեմբերի 9-ից շուտ։ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն էլ նշեցին, դաշինքի պատրաստակամության մասին՝ սատարելու իրական ընդդիմության ցանկացած միջոցառման, որն ուղղված կլինի Հայաստանի շահերին հակասող գործընթացների դեմ պայքարին։ Ներկաները նշեցին, որ գլխավոր խնդիրը հերթական կապիտուլյացիան կանխելն է: Ինչպես ասում են՝ այն, ինչ պետք էր ապացուցել, և այն, ինչ ակնկալվում էր»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։