News.am-ը գրում է.

Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան 22-ից 25 ուղևոր էր տեղափոխում, երբ ողբերգական ավտովթարը տեղի ունեցավ։ 5 մարդու կյանք խլած վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ի վաղ առավոտյան։

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ և կողաշրջվել։ Վարորդը տեղում մահացել է։

Վթարի հետևանքով կան միջին, ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած ուղևորներ։ Վիրավորների թիվը 17-ն է։ Տասը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, մյուսները՝ Թալինի հիվանդանոցում են։

NEWS.am-ի հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանն ասել է, որ վիրավորների մոտ հիմնականում պոլիտրավմաներ են. «Տարբեր օրգան համակարգերի վնասվածքներ կան։ Ծայրահեղ ծանրի մոտ ներքին արյունահոսություններով ուղեկցվող են, որոնցից երկուսն այս պահին վիրահատվում են, հիմա կսկսվի նաեւ երրորդի վիրահատությունը»։

Վիրավորներից մեկի հարազատը՝ Հայարփի Մինասյանը, պատմում է, որ ուղեւորներից շատերն իրար ճանաչել են։

«Ինչ-որ գմփոց են լսել, գլխի վրա մի քանի անգամ շուռ են եկել ու ոչինչ չեն հիշում։ Գյումրիից գնում էին միրգ հավաքելու։ Շոկի մեջ ենք, բան չգիտենք։ Մեկի թեւն է կարած, դեմքն է վնասվել, մյուսի էլ ուսը, թեւը, վիզը։ Եկել ենք իրենց հետեւից, որ տուն տանենք»,- պատմեց նա։

Ըստ հարազատի՝ այդ աշխատանքը նրանց ապրելու միջոցն է եղել. «Գնում էին երկու կոպեկ փող աշխատեին, ստեղ ղեկավարություն չկա, որ գոնե իրենց հողում աշխատանք ունենան, այս վիճակում չհայտնվեն, գնան մահի դեմ»։

Մի վիրավորի հարազատն էլ պատմում է՝ երբ «ԳԱԶԵԼ»-ը կողաշրջվել է՝ բարեկամուհին իրեն դուրս է նետել պատուհանից։

«Կոտրվել է քիթը, տարբեր սալջարդեր ունի։ Նա վերջում նստած է եղել, երբ «Գազելն» անհավասարակշիռ է շարժվել ու թեքվել, իրեն դուրս է գցել միանգամից։ Սալջարդերն են շատ, ծնկներն ու ուսերն է վնասվել, բայց կենսական օրգանները չեն վնասվել»,- ասաց հարազատը։

Ուղեւորներից մեկը՝ 17-ամյա Գագիկ Հակոբյանը, տարբեր աստիճանի կոտրվածքներ է ստացել, մայրը պատմում է՝ առաջին անգամ էր գնում այդ աշխատանքին.

«Ընկերն աշխատում էր, ասաց՝ մամ, պարապ մնալու փոխարեն գնամ աշխատեմ, ասացի՝ Գագիկ գործ չունես, մի գնա, մամ գնամ աշխատեմ, առավոտ շուտ զանգեցին՝ «Գազելը» շուռ է եկել, հիվանդանոցում են։ Ամբողջը կոտրվածք է՝ վիզ, գլուխ, ողնաշար, ուս։ Արագություն է հավաքել, որ արագ անցնի ու շուռ է եկել։ 25 հոգի մի «Գազելի» մեջ է, բա կտանե՞ն ուղեւորին, «Գազել» է, ավտոբուս չէ»։

Վիրավորի մայրը պատմում է, որ իր տեղեկություններով՝ միայն 4 ուղեւոր «ԳԱԶԵԼ»-ի դիմացն են նստել.

«Ասացի՝ վարորդն ո՞ւր է, ասացին՝ հենց տեղում մահացել է։ Երեխեքն էլ մեջից դուրս են թռել, աչքերը բացել են ու տեսել են՝ հողի վրա են։ Տեսել է, որ շուռ են գալիս, ասում է՝ մամ, գուխս ձեռքերիս դրեցի, պահեցի, սվիտրով փաթաթեցի վզիս, որ չկոտրվի։ Ասում է՝ աչքերս բացեցի, հողի վրա էի»։

Կաքավաձորի բնակիչների խոսքով՝ այդ հատվածում հաճախ են ավտովթարներ լինում, երբեմն մահվան ելքով։ Ճանապարհահատվածքը բավարար չափով կահավորված չէ. երթեւեկության կանոնների կարգավորում չկա։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված կանոնները խախտելու եւ լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու հատկանիշներով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ այդ ճանապարհահատվածի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել