Ձգտելով հայկականին. հենց այս միտումով էլ հոկտեմբերի 15-ին կայացավ «Սերունդ» բրենդի առաջին ցուցադրությունը:
Լուքերից յուրաքանչյուրում առաջնայինը հարմարավետությունն ու նորաոճությունն է:
Բրենդի փիլիսոփայությունն է՝ հայ երիտասարդներին առաջարկել հայկական այլընտրանք միջազգային բրենդների փոխարեն։
«Սերունդ» բրենդը ստեղծելու գաղափարն առաջացել է մասնագիտությամբ լեզվաբան-ծրագրավորող Ադրիանա Մարությանի մոտ, ով տաղանդավոր ու երիտասարդ դիզայներների հետ կարողացավ կյանքի կոչել յուրահատուկ ու տիեզերական տրամադրություն հաղորդող նոր հավաքածուն:
Իսկ ինչո՞ւ հենց «Սերունդ»:
«Մեր լոգոտիպը անվերջության նշան է հիշեցնում, այդպիսով մենք ցանկանում ենք թե՛ մեր, թե՛ մյուս սերունդների համար անվերջություն ստեղծել ու մեր հաճախորդներին ցույց տալ, որ իրենք էլ այդ անվերջության մի մասնիկն են»,- բացատրում է Ադրիանան:
Նա նաև նշում է, որ ինքը ձգտել է հավաքածուն ստանալ բացառապես հայկական հումքից. դա իր համար առաջնային է:
«Որոշեցի համախմբել տաղանդավոր երիտասարդների մի գաղափարի շուրջ ու ստեղծել մատչելի, որակյալ ու ամենակարևորը՝ հայկական արտադրանք:
Ես ինքս՝ որպես երիտասարդ, միշտ ձգտում եմ հայկականին, և դա ինձ համար առաջնային է: Մենք հումքի դեպքում էլ օգտագործել ենք հայկական կտոր:
Ինձ համար կարևոր է եղել, որ մենք չօգտագործենք թուրքական կտոր, չնայած որ այն ավելի մատչելի է, քան մնացածը»,- պատմում է Ադրիանան:
Գեղեցիկը կարող է լինել նաև մատչելի:
Քանի որ բրենդի կարևոր նպատակներից մեկն է ժամանակակից հագուստը դարձնել հասանելի երիտասարդների համար, այստեղ հագուստների գները տատանվում են 10 հազարից մինչև 50 հազար դրամի սահմաններում:
Հավաքածուի ցուցադրությանը ներկա էին մի շարք հայտնիներ, ովքեր միջոցառման ավարտից հետո կիսվեցին իրենց հիացական տպավորություններով ու կարծիքներով Ադրիանայի հետ:
Ցուցադրությանը ներկա էր նաև հայտնի ոճաբան Արմեն Գալյանը, ով մեզ հետ զրույցում հայտնեց իր դրական կարծիքն՝ ասելով, որ ամեն բան լավ էր կազմակերպված:
«Դեռ առաջին ցուցադրությունն էր, և սկզբի համար շատ լավ էր: Հավաքածուն ժամանակակից էր և թրենդային»,-ասաց նա:
Արմեն Գալյանը նաև հավելեց, որ իրեն դուր է եկել հավաքածուում օգտագործված յուրահատուկ պրինտը, որը կարելի է տեսնել մի քանի լուքերում:
Հավաքածուն հյուրերը բնութագրեցին տիեզերական, որովհետև մոդելների յուրահատուկ ոճն ու աքսեսուարները, ինչպես նաև միջոցառման լուսային էֆեկտներն ու սրահի ոճը այլմոլորակային տրամադրություն էին հաղորդում:
Բրենդի օնլայն կայքն արդեն գործարկվել է: Իսկ խանութ-սրահի բացումն, ամենայն հավանականությամբ, կլինի գալիք տաում:
Տիեզերական հավաքածուն այժմ հասանելի է հայկական բրենդները ներկայացնող շոուրումներում:
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան