Aysor.am-ը գրում է.
Իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կեղծ շշուկներ է որակել խոսակցությունները, թե Սյունիքը կտրվի Ադրբեջանին և դրա փոխարեն Հայաստանն Ադրբեջանի հյուսիսային տարածքից մի հատված կստանա։
«Tasnim» լրատվական գործակալության լրագրողի խոսքով, այդ տեսակետներն այնքան տարածված են Իրանում, որ Իրանի հասարակության, բնակչության և իշխանական շրջանակների մոտ կա մտահոգություն, որ հնարավոր է վարագույրների հետևում ստվերային համաձայնություններ լինեն:
«Դրանք շշուկներ են, ավելին՝ կեղծ շշուկներ: Քանի որ հնարվորություն կա խոսելու իրանական հանրության և պաշտոնատար անձանց հետ հրապարակային՝ ուզում եմ հստակ նշել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունն երբե՛ք, կրկնում եմ երբե՛ք, որևիցե բանակցություն չի վարել Հայաստանի սուվերեն տարածքի վերաբերյալ: Մենք չե՛նք վարել բանակցություն, չե՛նք վարում բանակցություն և չե՛նք վարելու բանակցություն Հայաստանի սուվերեն տարածքի վերաբերյալ: Դուք ինքներդ նշեցիք, որ Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ միջանցքի վերաբերյալ որևէ քննարկում չկա: Մենք ինքներս հայտարարել ենք, որ այդպիսի բանակցություններ չենք վարել և չենք վարելու:
Ընդհանրապես միջանցքի թեման փորձում են փոխկապակցել Լաչինի միջանցքի հետ:
Ի դեպ այդ բանակցությունները միշտ հրապարակային են եղել և բոլորը գիտեին, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ բանակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Եվ երբ որ Ադրբեջանը սկսում է խոսել Հայաստանում այդպիսի միջանցք ունենալու տարբերակի մասին, դա ամբողջովին խախտում է Լաչինի միջանցքի տրամաբանությունը: Նախիջևանը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության տարածքի մի մաս և փոխկապակցելով Նախիջևանի միջանցքին, նա կարծես թե փորձում է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Հայաստանի մաս:
Եվ իսկապես, վերադառնալով շշուկների թեմային կամ տարածքային փոխանակումներին՝ ուզում եմ հստակ նշել, որ նման որևէ հարց երբեք չի քննարկվել և չի քննարկվելու: Հնարավոր է միայն քննարկել ապաշրջափակման տրամաբանության մեջ, ինչպես նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում է:
Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների տրամաբանության մեջ Հայաստանը հնարավորություն է ստանալու օգտագործել Ադրբեջանի տարածքն ասիական երկրների, ինչպես նաև Ռուսաստանի հետ կապվելու համար: Այսինքն՝ մենք հնարավորություն ենք ստանալու օգտվել Ադրբեջանի ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքներից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: