Մեր տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Բաքուն և Անկարան իրենց նաև ռազմական կապիտալի զգալի հատվածը դնելով, այսպես կոչված, «Թուրանական միջանցքը» (Բաքվի բռնապետն այն կոչում է «Զանգեզուրյան», Թուրքիան՝ «Նախիջևանյան») ստանալու վրա կարող են չհասնել թե՛ դրան և թե՛ հայտնվել աշխարհաքաղաքական փակուղում։
Ակնհայտ է, որ «Թուրանական միջանցքը» անհանգստացրել է ոչ միայն Իրանին, այլ նաև Հնդկաստանին, ուստի առնվազն այս երկու տարածաշրջանային գերտերությոններն ամեն ինչ անելու են, որպեսզի իրանական Պարսից ծոց - Սև ծով և հնդկական Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական և տնտեսական խոշոր ծրագրերն իրականացվեն հենց Հայաստանի տարածքով, ինչի մասին արդեն իսկ եղել են նաև պաշտոնական հայտարարություններ։
Ըստ այդմ, մեկընդմիշտ տապալելով «Թուրանական միջանցքի» գաղափարը և իրականացնելով վերոնշյալ ծրագրերը, Հայաստանը ոչ միայն կարող է զգալիորեն բարելավել իր աշխարհաքաղաքական և տնտեսական դիրքերը մեր տարածաշրջանում, այլ նաև Բաքվի և Անկարայի թշնամական վարչախմբերին թողնել ձեռնունայն իրենց իսկ նախանշած ծուղակում։
Ահա թե ինչու է այդքան կարևոր Հայաստանի Սյունիքի մարզի ամեն մի կտոր տարածքը, որի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում Բաքվի բռնապետը խնդիրներ է ստեղժում նաև Իրանին և Հնդկաստանին այս ծրագրերի իրագործումից հետ պահելու համար։
Մեր տարածաշրջանում դեռևս ոչինչ վերջնական չէ, ուստի վախվորած և պարտվողական մոտեցումներով մենք միայն օժանդակում ենք թշնամուն, որը, որքան էլ պարադոքսալ թվա, նույնիսկ մեզնից էլ լավ է հասկանում, թե վերականգնվելու ինչպիսի հնարավորություններ ունի Հայաստանը, ուստի փորձում է հնարավորին արագ ամրագրել առկա իրավիճակը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4824621717576249
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել