Արցախյան վերջին պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը, ցավոք, դեռևս ավելի հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Շատ երևույթներ միանգամայն այլ երանգներ են ստանում, երբ դրանք պատերազմի հետ կապված այլ զարգացումների լույսի ներքո ես դիտում։ Իսկ որոշ բաներ էլ չափազանց անհասկանալի են դառնում։ Դրա համար «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի իմ գործընկերների հետ որոշել ենք ժամանակ առ ժամանակ կարևոր հարցեր բարձրաձայնել՝ հուսալով, որ լրատվական և քաղաքական դաշտի մեր գործընկերները կօգնեն մեզ բացահայտել դրանց պատասխանները։
Սկսենք, թերևս, ամենակարևորից։ 2020թ. սեպտեմբերի 27-ին ինչու՞ Պաշտպանության Բանակը ծավալված չէր։ Ինչու՞ է թշնամին հարձակվել գրեթե անպաշտպան Արցախի վրա, այն դեպքում, երբ հայկական կողմը հստակ գիտեր ադրբեջանական զինված ուժերի՝ պատերազմ սկսելու մտադրության և անգամ հարձակման ճիշտ օրը։
Անցած ամիսների ընթացքում ես այս հարցը շատ հրամանատարներից եմ փորձել ճշտել։ Տեղեկացնեմ, որ ըստ ստացված տվյալների, սեպտեմբերի 25-ի երեկոյան ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը տեղեկացրել է կորպուսների հրամանատարներին ու ՊԲ-ին Ադրբեջանի մոտալուտ հարձակման մասին։ Հայկական բանակը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ծավալվել է և պատրաստվել մարտի, իսկ թշնամու հարձակման գլխավոր ուղղությունում՝ Արցախում՝ ոչ։ Ինչու՞։
Ավելին ասեմ, Մատաղիսի գունդը, օրինակ, հարձակման նախօրեին նշում էր իր հիմնադրման հերթական տարելիցը և, կոպիտ ասած, թքած ուներ իր դիմաց պատերազմի նախապատրաստվող թշնամու զորքի գործողությունների վրա։ Արցախի այլ հատվածներում, որտեղ հրամանատարները հասկանում էին, որ պատերազմն անխուսափելի է և որոշակի պատրաստություն էին տեսնում, ռազմաքաղաքական իշխանության տարբեր ներկայացուցիչներ նրանց հանդիմանում էին «պանիկա տարածելու» մեջ։
Տարբեր մարդկանց հետ զրույցում Օնիկ Գասպարյանը վստահեցնում է, որ առաջինը նա հենց Ջալալ Հարությունյանին է տեղեկացրել Ադրբեջանի հարձակման մասին։ Վերջինս, ըստ իմ ստացված տեղեկությունների, հերքում է դա՝ ասելով, որ իրենց վստահեցրել են, թե պատերազմ չի լինելու։
Հիմա խնդրանք լրատվական ու քաղաքական դաշտի բոլոր գործընկերներիս՝ օգնեք բացահայտենք եղելությունը։ Գլխավոր հարցը հետևյալն է՝ ինչու՞ ՊԲ-ն բացազատված չի եղել։ Ո՞վ է դրա հիմնական մեղավորը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10225656442737572
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել