Մի քանի օր առաջ, 2021 թվականի սեպտեմբերի 25-ին մի գրառում էի արել վարչատարածքային բաժանման փոփոխության օրենքը Հանրապետության նախագահի կողմից ստորագրելու կամ այն Սահմանադրական դատարանում վիճարկելու հնարավոր սցենարների վերաբերյալ՝ հետևյալ վերջաբանով․ «Հանրապետության նախագահի առաջիկա գործողություններից պարզ կլինի, թե որքանով են ճիշտ կամ սխալ բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե նա ոչ թե պետությանը, այլ Հայաստանի Հանրապետությունը կործանող հանցավոր դավաճանախմբի շահերի սպասարկու, ազգադավ սրիկա է կամ՝ ոչ»։
Երեկ պարզ դարձավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից հետո, Հանրապետության նախագահը որոշել է ստորագրել հիշյալ օրենսդրական փաթեթը՝ օգնելով իրենց կարծիքում համոզվել բոլոր այն մարդկանց, ովքեր կմտածեին, որ նա Հայաստանի Հանրապետությունը կործանող հանցավոր դավաճանախմբի շահերի սպասարկու, ազգադավ սրիկա է։
Իր այս վարքագծով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որի պահպանմանը պարտավոր է հետևել ինքը։ Սահմանադրության 123 հոդվածի 3-րդ կետով հստակ սահմանվում է, որ Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Ակնհայտ է, որ առնվազն այս դեպքում, Հանրապետության նախագահն առաջնորդվել է բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերով, որի ձևավորված կառավարության և Ազգային ժողովի համանուն խմբակցության կողմից հապշտապ և հակաժողովրդավարական գործընթացներով ընդունված այս օրենքը նպատակ ունի ամրապնդել այդ կուսակցության քաղաքական դիրքերը, տապալել տեղական ինքնակառավարումը մեր երկրում՝ հաստատվելով բացարձակ բռնապետություն մեր երկրում։
Իբրև իր ծառայությունների դիմաց պարգևատրում և խրախուսանք՝ Արմեն Սարգսյանն իրավունք է ստացել Նիկոլ Փաշինյանից, պետական այցով, կառավարական օդանավով, մեկնել Իտալիա, որի արդյունքներով Հայաստանում տարբեր ապրանքներ վաճառող իր հետաքրքրությունների և շահերի տիրույթում գտնվող մի շարք ընկերություններ, հավանաբար կընդլայնեն իրենց տեսականին՝ իտալական մի շարք ապրանքներով։
Գալու է ժամանակը, երբ այսօրվա հանցավոր գործունեության համար յուրաքանչյուր ոք կտա իր պատասխանը, կկրի իր արժանի պատասխանատվությունն ու պատիժը։ Հայ ժողովրդի դարերի երազանք հանդիսացող Հայաստանի Հանրապետության կործանում չի կարող այդքան հեշտ ու անպատիժ լինել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1186882901835178&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել