Epress.am-ը գրում է.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքը Ադրբեջանի ու այդ երկրի նախագահի մասին երբեք չի կարող անկեղծ լինել: Newtimes.az ադրբեջանական կայքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը՝ մեկնաբանելով Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի համար առավել ձեռնտու է Իլհամ Ալիևի՝ երրորդ ժամկետում վերընտրվելը:
«Կարծես թե Հայաստանի նախագահը չափազանց մեծ քանակությամբ առակներ է կարդացել: Սա ակնհայտ է վերջերս նրա կատարած քայլերից: Այս անգամ նա իրեն ջայլամի պես է պահում: Գլուխը մտցրել է թփերի մեջ և մտածում է, որ նրա մարմնի այս կամ այն մասերը ոչ ոք չի տեսնում: Հետաքրքիր է, որ Սարգսյանի այս խորամանկ արշավն անգամ Ադրբեջանում է ոմանց ուշադրությունը գրավել: Իբր՝ նրանք չգիտեն, որ Սարգսյանի կարծիքը Ադրբեջանի ու այդ երկրի նախագահի մասին երբեք չի կարող անկեղծ լինել»,- հայտարարել է Մամեդովը:
Նրա կարծիքով՝ Հայաստանի ղեկավարն իր այդ հայտարարությամբ «խորամանկ նպատակներ» է հետապնդում:
«Առաջին հերթին, Սարգսյանը ուզում է աշխարհին հայտարարել, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, իսկ ինքը՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ: Մինչդեռ բոլորին քաջ հայտնի է՝ ինչ ճանապարհով է նա ընտրվել:
Երկրորդը, հասարակությանն ուզում է համոզել, որ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Բայց դա էլ նենգ ու սուտ դիրքորոշում է: Իհարկե, Ադրբեջանի հողերի 20 տոկոսն ավելի քան 20 տարի օկուպացիայի տակ պահող պետության ղեկավարի նման անհեթեթ արտահայտություններում կարող են հետաքրքրված լինել միայն նրանք, ովքեր կողմնակալ դիրքորոշում ունեն այս հարցի շուրջ:
Իբր՝ ոչ ոք չգիտի՞, որ Սարգսյանն ինքը «տիկնիկ» է ու երկիրը ղեկավարում է ոչ թե սեփական կամքով, այլ ուրիշի թելադրանքով: Բայց Հայաստանի ողբերգությունը կայանում է նրանում, որ հայ ժողովուրդը դարձել է Սարգսյանի ու նրա նմանների գերին: Այդ պատճառով հայ ժողովուրդն անում է ամեն ինչ երկիրը լքելու համար:
Միևնույն ժամանակ Ադրբեջանի ընդդիմությունն էլ լավ գիտի, որ Ադրբեջանի նախագահը Սարգսյանի աջակցության կարիքը չունի, ում ձեռքերի վրա ադրբեջանցիների արյուն կա: Այս ամենն իմանալով՝ ոմանց ներգրավումը նման կեղտոտ արշավին, իմ կարծիքով, թե ծիծաղելի է, և թե նրանց անձնական ողբերգությունն է:
Բոլորին, ով հետևում է տարածաշրջանում և Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին, հայտնի է՝ ինչպիսի պետությունների ղեկավարներ են աջակցում Իլհամ Ալիևին: Եթե դա նրանց հայտնի չէ, թող կարդան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակները, լսեն ՌԴ նախագահ Պուտինի, Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտայի հայտարարությունները և նորից ուշադրություն դարձնեն թյուրքալեզու պետությունների ղեկավարների հայտարարություններին: Իհարկե, մենք չենք կասկածում, որ Սարգսյանը կուզեր իրեն դասել նրանց շարքին: Բայց, դա մեր ընդդիմությանը դուր է գալիս, թե ոչ, Սարգսյանը դրան արժանի չէ», – ասել է Նովրուզ Մամեդովը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին, Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների մասին խոսելիս, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ՝ մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է»: