168.am-ը գրում է․

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային հեռուստընկերությանը» տված հարցազրույցում, ի թիվս կառավարության նոր ծրագրում առկա այլ դրույթների՝ անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին:

Հարցազրուցավարը մեջբերելով կառավարության ծրագրի մի քանի արձանագրումներ, մասնավորապես, որ Արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը բացասական ազդեցություն է ունեցել, և, որ Հայաստանը մշտապես պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, որը բխում է տարածաշրջանային կայունության, զարգացման շահերից, որ այսօր էլ Հայաստանը պատրաստակամ է ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով՝ ԱԽ քարտուղարից հետաքրքրվեց՝ ո՞ւր է, որ Թուրքիան մեր թշնամին է. չէ՞ որ ՀՀ անվտանգության մեր հայեցակարգում Թուրքիան մեր թշնամին էր:

Հնչեցված հարցին ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանը հակադարձեց․ «Ե՞վ»:

Հարցազրուցավարն արձագանքեց՝ «Դուք պետք է ասեք»:

ԱԽ քարտուղարը մանրամասնեց. «Ընդհանուր առմամբ, 44-օրյա պատերազմին հետևող քաղաքականությունը, ինչպես նաև՝ 1990-ականներին, 2000-ականներին և 2010-ականներին Հայաստանի դիրքորոշումը միշտ այդպիսին է եղել»:

«Ես գիտեմ, որ թշնամի պետության հետ առանց նախապայմանների հարաբերություններ չեն կառուցում. նախ լուծում են այդ թշնամանքը»,- նկատեց հարցազրուցավարը:

Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին պնդեց. «Հայաստանի բոլոր իշխանությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու կողմնակից են եղել:

Ընդհանուր տարածաշրջանային ապաշրջափակումը, որի մասին կա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ինչպես նաև հստակեցված է հունվարի 11-ի հայտարարությունում, նաև ստեղծվել է եռակողմ հանձնաժողով, որն այդ ուղղությամբ աշխատում է, հիմնականում Ադրբեջանի հետ բոլոր հնարավոր ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ, տրամաբանություն կա, որ այդ ապաշրջափակումն ավելի լայն կոնտեքստ պետք է ունենա: Եվ հենց այդ պատճառով էլ կառավարության ծրագրում մենք այսպիսի մոտեցումներ ենք որդեգրել»:

Ճշգրտմանը՝ այսինքն՝ էլ թշնամի չէ՞, ԱԽ քարտուղարը հստակ չպատասխանեց՝ արձագանքելով.

«Այսինքն, սրանք են այն մոտեցումները, որոնք կան մեր ծրագրում»:

Հարցին էլ, թե դա չի՞ հակասում մեր անվտանգության ռազմավարությանը, նա պատասխանեց. «Կառավարության ծրագրով նախատեսված է, որ շատ շուտով պետք է թարմացնենք Անվտանգության ռազմավարությունը, ինչպես նաև՝ ռազմական դոկտրինը. այս հարցերի պատասխաններն այնտեղ կլինեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել