Բաքվի բռնապետի տխրահռչակ քարոզչամիջոցներից մեկը հակաիրանական և հակահայկական բնույթի նյութ է հրապարակել, իրանցի իբր քաղաքագետ և լրագրող ոմն Թահա Քերմանիի «մեկնաբանությունների» հիման վրա։
Շարքային այս պանթյուրքիստը դեռևս 2013թ․ հենց Թավրիզում իրանական դատարանի կողմից դատապարտվել էր բանտարկության էթնիկական հողի վրա խժդժությունների հրահրման և պանթյուրքիստական խմբակներին անդամակցության հաստատված մեղադրանքով, իսկ ավելի ուշ ճողոպրելով Իրանից, հանգրվանել Թուրքիայում, որտեղ նրան օգտագործում են հակաիրանական ու հակահայկական նպատակներով և էրդողանական ու ալիևյան վարչախմբերի գովքն անելու համար։
Իրականում այս անձը ոչ մի կերպ չի կարող ներկայացնել Իրանը կամ հանդես գալ որպես իրանցի քաղաքագետ կամ լրագրող։, Այլ բան է, որ վերջինս, ամենայն հավանականությամբ, համակարգում է սոցիալական տարբեր ցանցերով հակաիրանական և հակահայկական բնույթի ստի և կեղծիքի տարածման առնվազն մի հատվածը՝ աշխատելով հատկապես պարսկալեզու տիրույթում։
Մասնավորապես, ընդամենը մի քանի օր առաջ «Թվիթերում» նաև այս պանթյուրքիստն էր պարսկերեն վերնագրով տարածել Թուրքիայում հրդեհների կապակցությամբ Հայաստանում իբր կազմակերպված զանգվածային տոնախմբության կեղծ տեսանյութ, իսկ այժմ էլ ջրի երես դուրս եկավ Բաքվի բռնապետի թերևս ամենատխրահռչակ քարոզչամիջոցով։
Այս ամենը ցույց է տալիս, որ գործում է պանթյուրքիստ ցանցային քարոզիչների ադրբեջանաթուրքական «ինտերնացիոնալ», որը գրեթե հավասարապես թիրախավորում է թե՛ Իրանը և թե՛ Հայաստանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4608816832490073
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել