Armenpress.am-ը գրում է.

Ութերորդ գումարման Ազգային ժողովը երկրորդ անգամ փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահ ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ալեն Սիմոնյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Քվեարկությանը մասնակցել էր 71 պատգամավոր: Ալեն Սիմոնյանը ստացել է 71 ձայն: «Հայաստան» խմբակցության թեկնածու Մխիթար Զաքարյանը և «Պատիվ ունեմ»-ի թեկնածու Արթուր Սարգսյանը ձայներ չէին ստացել: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը: Նիստը նախագահող Կնյազ Հասանովը հայտարարեց՝ այսպիսով ԱԺ նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը: Նա բոլորի անունից շնորհավորեց Սիմոնյանին: Սիմոնյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար: «Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել էր Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, «Պատիվ ունեմ» խմբակցության ՝ ԱԺ նախագահի թեկնածուն ևս «Հայաստան» խմբակցությունից էր, խմբակցությունն առաջադրել էր Արթուր Սարգսյանի թեկնածությունը: Երկու թեկնածուներն էլ չեն մասնակցում նորընտիր խորհրդարանի առաջին նիստին, քանի որ կալանավորված են:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել