Hetq.am-ը գրում է.
«Fly Armenia Airways» ավիաընկերությունը դատի է տվել իր ավապարկում գրանցված ու փետրվարի 20-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում վայրէջք կատարած «Boeing 737-300» ինքնաթիռի (հայկական գրանցումը՝ EK-FAA) սեփականատեր շվեյցարական ընկերությանը:
Այս մասին գրում է «Հետք»-ն ու հիշեցնում, որ շվեյցարական «BK Impex» բաժնետիրական ընկերությունը 2020 թ. օգոստոսի 31-ին այս ինքնաթիռը լիզինգով հանձնել է հայկական ավիաընկերությանը, սակայն, ըստ լուրերի, այն մինչ այդ արդեն վաճառված է եղել իրանական «Caspian Airlines» ավիաընկերությանը: Ստացվում է, որ օդանավը պատժամիջոցների տակ Իրան տեղափոխելու գործընթացը կյանքի կոչելու համար ինքնաթիռը ձևական գրանցվել է Հայաստանում (մինչ այդ այն Լիտվայում էր գրանցված, բայց տևական ժամանակ չէր շահագործվում և կայանված էր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի օդանավակայանում):
«Նկատենք, որ նախկինում մեր երկրից դեպի Իրան օդանավեր տեղափոխելու լայն պրակտիկա է գործել: Իրանը օդանավերի և դրանց պահեստամասերի խիստ կարիք ունի, սակայն արևմտյան պատժամիջոցների պարագայում մեծապես դժվարացել է դրանց ներկրումը: Իրանի համար միջնորդի դեր խաղացող երկրների շարքում նշվում են նաև Ղազախստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի ու Տաջիկստանի անունները: Ընդ որում՝ EK-FAA-ն Տալլինից (այստեղ այն տեխսպասարկում էր անցնում) դեպի բուլղարական Վառնա, ապա Թեհրան են տեղափոխել տաջիկական «Tajik Air»-ի օդաչուներ Ազիզբեկ Գոզիևն ու Սարվար Նուրովը, որոնց ներգրավել էր շվեյցարական լիզինգատուն:
Հայկական կողմի երկարատև ջանքերի արդյունքում ապրիլի 23-ին օդանավը Թեհրանից տեղափոխվեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ կանգնած է մինչ օրս: Դրա վրա ԱԱԾ-ն կալանք է դրել: Հիշեցնենք, որ ծառայությունը փետրվարի 25-ին քրգործ է հարուցել օդանավ փախցնելու և փաստաթուղթ կեղծելու հատկանիշներով:
«Fly Armenia Airways»-ը պնդում է, որ ինքնաթիռը Թեհրան է տեղափոխվել առանց իր գիտության և թույլտվության: «Ավիաընկերությունը տուժել է այդ հանցավոր գործունեության հետևանքով և իր հնարավորության սահմաններում նախաքննության մարմնին տրամադրել է անհրաժեշտ բոլոր տեղեկությունները և փաստաթղթերը։ Ընկերությունը հույս է հայտնում, որ բոլոր մեղավորները կբացահայտվեն և կենթարկվեն պատասխանատվության»,- «Հետքին» փոխանցել են հայկական փոխադրողի գրասենյակից։ Ընդհանուր տպավորությունն այն է, որ շվեյցարական ընկերությունը ինքնաթիռը վաճառել է իրանական կողմին և օգտագործել է հայկական ավիափոխադրողին (ավելի կոնկրետ՝ ինքնաթիռի ՀՀ գրանցումը)՝ գործարքն ավարտին հասցնելու՝ բորտը Իրան տեղափոխելու համար:
Ինչպես տեղեկանում ենք «Datalex» տեղեկատվական համակարգից, հուլիսի 29-ին «Fly Armenia Airways»-ը դիմել է Երևան քաղաքի դատարան՝ ընդդեմ օդանավի սեփականատեր «BK Impex»-ի: Պահանջը գումարի բռնագանձումն է: Այսինքն՝ ընկերությունը «Boeing 737-300»-ի անօրինական տեղափոխության պատճառով կրած վնասների փոխհատուցում է պահանջում լիզինգատուից: Գործը մակագրվել է դատավոր Մուրադ Հովակիմյանին (Արաբկիր նստավայր):
Չնայած EK-FAA-ն այս պահին էլ մնում է «Fly Armenia Airways»-ի հաշվեկշռում (լիզինգային պայմանագրով այն ՀՀ-ում գրանցված է մինչև 2025 թ. օգոստոսի 20-ը), իսկ մյուս կողմից՝ նախաքննություն վարող ԱԱԾ-ն դրա վրա կալանք է դրել, մեր տեղեկություններով, հայկական փոխադրողն այլևս մտադիր չէ շահագործել ինքնաթիռը: 1997 թ. արտադրված այս օդանավը նախկինում շահագործվել է Նոր Զելանդիայում, Էստոնիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Աֆղանստանում, Հունաստանում, Ջիբութիում, Սլովենիայում, Ռումինիայում, Լիտվայում, Գերմանիայում, Թունիսում, Իռլանդիայում:
«Հետքն» արդեն գրել է, որ «BK Impex» բաժնետիրական ընկերությունը (AG) գրանցված է Շվեյցարիայի իտալախոս հատվածում՝ Լոկարնո քաղաքում, ղեկավարն էլ Քրիստիան Ֆուզոն է (Christian Fuso): Շվեյցարական ռեգիստրից որոշ մանրամասներ ենք ճշտել հայ-իրանական ավիացիոն սկանդալի կենտրոնում հայտնված օդանավի սեփականատիրոջ վերաբերյալ»,-գրում է աղբյուրը։