Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ Իսլամական Հեղափոխութհան պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Էսմայիլ Ղաանին հանդիպումների շարք է սկսել տարածաշրջանում շիա բարձրաստիճան հեղինակավոր հոգևորականների՝ մարջա-է թաղլիդ այաթոլլաների հետ, որոնց կոչումը թույլ է տալիս կրոնական հրավորտակներ արձակել, և որոնք ունեն հետևորդների հսկայական բանակ ու անսահման հեղինակություն տարածաշրջանի շիաների շրջանում։
Ամենայն հավանականությամբ, այս հանդիպումները պայմանավորված են Իրաքում, Սիրիայում և հատկապես Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններով և այդ ամենի համատեքստում իրանական ազդեցության մեծացման ու տարածման հնարավորությունների քննարկմամբ։
Հետո աչքս ընկավ այդ լուրի տակ գրված մեկնաբանություններին։ Մի օգտատեր գրել էր, որ էդքան փող, որ ծախսում են ստեղ-ընդեղ ֆռֆռալու համար, դրա կեսը, որ տրամադրեն կոնկրետ շրջանի բնակչությանը, սոցիալական խնդիրներն իսպառ կլուծվեն։ Մի ուրիշn էլ գրել էր, որ հավանաբար գնացել է իր գարշելի արարքները կատարելու համար թույլտվություն, իսկ հաջորդ այաթոլլայից էլ դրանց արդարացումներն համար ու այսպես շարունակ։
Կարդալով դրանք՝ հասկացա․ միայն Հայաստանում չէ, որ մարդկանց իրենց հայրենիքն ու դրա հզորությունը չեն հետաքրքրում, դա համատարած երևույթ է, պարզապես այլ երկրներում այդպիսի մարդիկ ապրում են իրենց առօրյա հոգսերով, երբեմն էլ մտնում համացանց մաղձը թափում, թեթևանում նորից գնում իրենց գործերով, իսկ պետության հարցերով զբաղվում են բոլորովին այլ որակի ու մտածելակերպի տեր մարդիկ։
Հ.Գ. Խեղճ Ղաանին ոնց բացատրի հասարակ իրանցուն, որ էդ այաթոլլաների հետ հանդիպումը ոչ թե նրա համար է, որ Իրանն Իսլամական հանրապետություն է, այլ Իրանի ազդեցությունը մեծացնելու, տարածելու, կայսերական նկրտումները կյանքի կոչելու ժամանակակից գործիքակազմ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել