Տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ ծերանոցներում արգելել են դրսից հյուրեր ընդունելը, որովհետև ծերերը տղա ու աղջիկ են կանչում,  ներկայացնում որպես թոռնիկ, բարեկամ և այլն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանից հետաքրքրվեցինք՝ նախարարությունն ունի՞ նման տեղեկատվություն և ծերանոցներում ի՞նչ պարբերականությամբ են հնարավոր տեսակցությունները, վերջինը պատասխանեց. «Բարեկամների տեսակցության սահմանափակում չունենք, իսկ կողմանկի անձանց մուտքի թույլտվություն տրվում է միայն գրությամբ»:

Կապ հաստատեցինք նաև մայրաքաղաքում և մարզերում գործող տուն-ինտերնատների և  տարեցների կենտրոնների հետ, որոնք հերքեցին տեղեկությունը՝ նշելով, որ սահմանափակում եղել է միայն այն ժամանակ, երբ կորոնավիրուսի դեպքերը Հանրապետությունում շատ էին:

Ծերերը նաև ըստ կանոնակարգի՝ իրավունք հնարավորություն ունեն դրսում հարզատների հետ մի քանի օր անցկացնել:

«Հարազատը դիմում է ներկայացնում անձնագրի պատճենով, նշում է, թե շահառուն որտեղ պետք է բնակվի, օրինակ, 15 օր կամ 1 ամիս, մենք թույլ ենք տալիս: Ինչ վերաբերում է նրան, որ իբր անծանոթներ են այցելում, առաջին անգամ ենք լսում: Անգամ հարազատները չեն գալիս կամ չեն ուզում տանեն, ուր մնաց՝ անծանոթները: Բարեկամները հազվադեպ են տանում ու կարճ ժամկետով:

Էն որ պահեին, կպահեին, չէին բերի: Իսկ եթե բարեկամներն այցելում են ծերանոց, մնում են 2-3 ժամ, ամառ է՝ դրսում՝ զրուցարանում նստում են, զրուցում, հաց են ուտում: Կամ էլ, եթե Երևանից են գալիս, 2 ժամով տանում, ժամանակ են անցկացնում Գյումրիում, հետո նորից հետ են բերում: Շահառու կա, որ ո՛չ հարազատ ունի, ո՛չ բան»,- ասացին Գյումրու տուն-ինտերնատից:

Նորքի տուն-ինտերնատի տնօրեն Արթուր Մելքոնյանի փոխանցմամբ՝ միայն կորոնավիրուսի ժամանակ է գրավոր հանձնարարական եկել, որ այսինչ ժամակահատվածից այսինչ ժամանակահատվածը փակ է հաստատությունը:

«Մեզ մոտ մոտենում են պահակակետ, հստակ անուն, ազգանունն ասում են, թե ում մոտ են բարձրանում, նույնը նաև ընդունարանում, բուժկետում: Ներկայանում են, սպասում ներքևում, մինչև շահառուին իջեցնում են ներքև: Սենյակներ բարձրանալ չի թույլատրվում, ունենք նախասրահներ, որտեղ նստում են, շփվում, ժամանակ են անցկացնում: Հարազատները գալիս են հիմնականում 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, որոշները նաև 18:00-ից հետո»,- պարզաբանեց  տուն-ինտերնատի տնօրենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել