Aravot.am-ը գրում է.

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այցելել է Արմավիր՝ ռազմագերիների ծնողների հետ հանդիպման, իսկ առաջիկայում անհետ կորածների ծնողների հետ մտադիր է Իրան այցելել։

«Լավատես չեմ, չեմ կարծում, որ տեղեկությունը ճիշտ է, բայց կան ծնողներ, որոնք հավատում են, հույս ունեն, որ պատերազմի օրերին իրենց որդիներն Արցախի հարավից անցել են Իրանի սահմանը։ Առաջարկել են ինձ իրենց հետ մեկնել Իրան»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Մեր նկատառմանն ի պատասխան, որ պատերազմի օրերին ՀՀ-ում Իրանի դեսպանատունն արդեն մի անգամ պարզաբանել է, որ հայ-իրանական սահմանը հատած զինծառայողներ չեն եղել, Նաիրա Զոհրաբյանը նշեց․ «Այո, իմ բոլոր հարցումներին ի պատասխան նույնն են ասել։ Շատ փակագծեր չբացեմ, բայց քանի որ որոշ ծնողներ ունեն, իրենց կարծիքով, հավաստի տեղեկություն, որ իրենց որդիները Ջրականի հատվածից անցել են սահմանը, մենք քննարկում ենք ծնողների հետ ճիշտ պահն Իրան մեկնելու»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել