Analitik.am-ը գրում է.

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ՔԿ նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը նշանակվելու է ՔԿ նախագահ՝ փոխարինելով Հայկ Գրիգորյանին:

Այս նշանակումը համացանցում հումորների առիթ է դարձել, քանի որ 30-ամյա Քյարամյանը միայն վերջին 3 տարում մոտ 5 պաշտոն է փոխել:

Քյարամյանն իր փառահեղ կարիերան սկսել է 2013 թվականին՝ 2013-2014թթ. ծառայել է ՀՀ ոստիկանությունում, ապա աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում` որպես քննիչ:

Դրանից հետո հասցրել է աշխատել դատախազությունում, ապա՝ ՊԵԿ-ում: Քյարամյանը մինչև վերջին նշանակումն աշխատել է նաև ՊՎԾ-ում, նույն ՔԿ-ում, ԱԱԾ-ում, նորից ՔԿ-ում: Նախորդ դեպքերում նա ՔԿ-ում եղել է որպես նախագահի տեղակալ:

Նոր Հայաստանում Քյարամյանի հետ թերևս կարող է «ոտք գցել» երկու պաշտոնյա՝ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը: Նրանցից առաջինը նախ նշանակվել էր Առողջապահության նախարար, հետո՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար, իսկ հիմա գնալու է խորհրդարան՝ որպես պատգամավոր:

Արայիկ Հարությունյանն իր հերթին ԿԳՄՍ նախարար էր, ինչից հետո նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ օրեր առաջ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար:

Իհարկե, Թորոսյանն ու Հարությունյանը դեռ շատ պետք է աշխատեն Քյարամյանին հասնելու համար, բայց նրանք կարող են հպարտանալ 2-3-րդ տեղերը կիսելու համար:

Քյարամյանը ունի երկու յուրահատուկ մրցակից ևս, որոնք մարդիկ չեն, պաշտոններ են: Խոսքը վերաբերում է ԱԱԾ տնօրենի ու Ոստիկանապետի պաշտոններին:

Նշենք, որ նոր Հայաստանն արդեն հասցրել է ունենալ ԱԱԾ 5 տնօրեն, որոնցից մեկը հենց Քյարամյանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել