Թուրքական ակտիվությունը Կենտրոնական Ասիայում, ցավալիորեն, կարելի է կոչել նույնիսկ օրինակելի։
Մասնավորապես, մոտ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Հ․ Աքարն, այցելելով Ղրղըզստան և Տաջիկստան, նպատակ է հետապնդել սերտացնել հատկապես ռազմական և ռազմատեխնիկական ոլորտի հարաբերությունները այս երկրների հետ։
Բան այն է, որ ՀԱՊԿ անդամ այս պետությունները ոչ միայն միմյանց հետ սահմանային խնդիրներ ունեն, այլ նաև ուղղակիորեն համարվում են վտանգված՝ հաշվի առնելով սահմանակից Աֆղանստանի հյուսիսում թալիբների վերջին հաջողությունները։
Ըստ այդմ, Անկարան, որը ռազմական առումով մնալու է Աֆղանստանում նաև ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, փորձում է, պատկերավոր ասած, մի կրակոցով երկու նապաստակ խոցել՝ ռազմական առումով օգնել միմյանց հետ այժմ էլ լուռ հակամարտող և ռազմական աջակցություն ակնկալող Բիշկեկին ու Դուշանբեին, ինչպես նաև ամրապնդել իր դիրքերը նաև Աֆղանստանին սահմանակից երկրներում։
Բայց եթե նշված երկու «նապաստակներն» առայժմ «վազող» թիրախներ են, ապա մեկ այլ բավականին նշանակալի «նապաստակ» արդեն իսկ խոցված է, որովհետև հենց Հ, Աքարի Ղրղըզստան այցից անմիջապես հետո այդ երկրում «անհետացել» և արդեն իսկ Թուրքիա է բերվել Կենտրոնական Ասիայում գյուլենական ցանցի ամենահայտնի ղեկավարներից Օրհան Ինանդին։
Ուշագրավ է, որ այս մասին անթաքույց հպարտությամբ հայտարարել է Էրդողանն անձամբ՝ փորձելով դա ներկայացնել, որպես իր ոխերիմ հակառակորդ Գյուլենի դեմ հերթական հաղթանակ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4520162674688823
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել