Թուրքիա, Անթալիա, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան.
«Ես կնախընտրեի կենտրոնանալ ներկայի և ապագայի վրա, քանի որ եթե մենք կենտրոնանանք խոչընդոտների վրա, պատմության հարցերի վրա, սկսենք քննարկել՝ ո՞ր տարածքը 100 տարի առաջ ում էր պատկանում կամ ո՞վ է մյուս ազգից ավելի շատ մարդ սպանել, կարծում եմ՝ այդպես մենք համատեղ կերպով կհանգենք նոր հակամարտության»։
Այս խոսքը, ներկայացված որպես խաղաղության ուղերձ, իրականում ցավալի պատկեր է՝ երբ պետական մակարդակով արձանագրվում է, որ պատմական հիշողությունը՝ ցեղասպանության և հայրենազրկման վկայությունն, այլևս չպետք է տեղ ունենա քաղաքական մտածողության մեջ։
Սա պարզապես դիվանագիտական լեզու չէ։ Սա ուղերձ է, ըստ որի Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը պատրաստ է «հետ նայելուց» հրաժարվել՝ նույնիսկ եթե դա նշանակում է ժխտել այն հիմքերը, որոնց վրա կանգնած է մեր պետական ինքնությունը։
Չի կարելի մտածել, թե պատմության ժխտումը կամ լռությունը կարող են խաղաղություն բերել։ Ո՛չ ազգային, ո՛չ տարածաշրջանային առումով։ Ընդհակառակը՝ դա է ամրապնդում հանցագործի համարձակությունը ու զոհի խոցելիությունը։
Խաղաղություն հնարավոր է միայն այնտեղ, որտեղ ճշմարտությունն ասվում է ամբողջությամբ՝ առանց կեղծ նրբանկատության։ Երբ հիշողությունը հարգվում է, ոչ թե մերժվում։ Եվ երբ պատմությունը դիտարկվում է ոչ թե որպես վեճի աղբյուր, այլ որպես ինքնության հիմք։
Ոչ թե մոռանալն է խաղաղություն բերում, այլ արժանապատիվ հիշողությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել