Տարիներ առաջ մի միջավայրում ծանոթացա պատանի քույր և եղբոր՝ մեկը 14, մյուսը 15տարեկան կլինեին, Մոսկվայից էին, հայերեն խոսում էին՝ սև աչք ու ունքով, ազգանունները՝ Գրադսկի: Ասեցին, որ հայրը հայկական ազգանունը փոխել է, որ կյանքում դժվարություններ չունենան։ Հայ լինելը դժվարություն է։ Արևմուտքում քաղաքական ապաստան մուրացող հայերից շատերը էմիգրացիոն մարմիններին ասում են, թե իրենց մայրը ադրբեջանցի է, որի պատճառով հայերը ճնշել են, ստիպված լքել են երկիրը։ Երկու եղբայրներ գիտեի, մեկը Գերմանիայում ասել էր, թե քուրդ է, հայերը իրեն ճնշում են, մյուսը ԱՄՆ֊ում ասել էր, թե մայրը ադրբեջանցի է, ու հայերը իրեն ճնշում են։ Ինչ որ թոշակի, ինչ որ կացարանի համար պատրաստ լինել դառնալու ամեն ինչ, նաև էն ազգի ներկայացուցիչ, որը իր հայենակիցներին կոտորել է։
Գրպանը ուռեցնելուն, փորը հաստացնելուն, բանկի հաշիվը վեր թռցնելուն, եթե ինչ որ գաղափար խանգարում է, ապա նրանից պետք է հրաժարվել։ Ազգանո՞ւնդ է խանգարում, փոխիր, հիշողությո՞ւնդ է խանգարում, հրաժարվիր, նախնիներիդ արդար դա՞տն է խանգարում, ուրացիր, Արցա՞խն է խանգարում, հանձնիր։
Սա գաղափարախոսություն է, եսասիրության գաղափարախոսությունը, կամ մաքուր ազատականությունը, որը հունիսի 20֊ի ընտրությունների միջոցառումով հաղթեց Հայաստանում։
Այդ գաղափարախոսության դեմքը պատկերանում է Գռզոյով, Վիվառոյի Վիգենով, Նիկոլը ուղղակի սրանց քաղաքական ներկայացուցիչն է, իսկ ԼՏՊ֊ն էլ գաղափարախոսը։
Էս գաղափարախոսության դավանողների համար կյանքի իմաստը փողն ու ունեցվածքն է, տեսլականը՝ սպառողական հասրակությունը, ես֊ի ֆիզիկական պահանջները չբավարարող ամեն մի գաղափար՝ մերժելի։ Արցա՞խ, ցեղասպանության ճանաչում, էն կողմ տարեք, ծանրաբեռնում եք որ ի՞նչ, չեք տեսնում թուրքը ներվայնանում է, սահմանները չի բացում, յան տվեք էդ խառը խշտիք բաներից, որ թուրքը սահմանը բացի, մեր հետ քիրվայանա։
Եսասիրության այս հաղթարշավի հաջողությունը միայն ազգ ու հայրենիք ջնջող ժեխը չի, միայն Գռզոյի փողով չի, այդ եսասիրությունը սնում, հագցնում, պճնում է հզոր Արևմտուքը՝ առաջին հերթին ԱՄՆ֊ն ու Մեծ Բրիտանիան միլիարդավոր դոլարներ են ծախսում՝ բուծելով ngo֊ներ, բևեռներ, եվրոպական ու ինքնիշխան կուսակցություններ, պատանի հասակից տանում են սեմինարների, գլուխները լցնում անհատի ազատությունը վեր է ամեն ինչից, մարդկությունը անձնական շահն է առաջ տանում, ազգս որն է, մարդս մարդ լինի, թուրք, հայ ինչ տարբերություն, նացիոնալիստական բաներ են՝ Արցախ, ցեղասպանության ճանաչում, հո քարանձավում չեք, վազն անցեք, թուրքի հետ ախպերություն արեք, ռուսն էլ սահմանին չի կանգնի, կգնա, Բայդենն ու Ջոնսոնն էլ ձեր ժողովրդին կասեն հալալ է, բռնապետ Պուտինին տեղը դրեցիք։ Եվ Սաքունց ու Գայանե Այվազյանը իրենց երգչախմբերով հոգեզմայլանքի մեջ կընկնեն։
Սրան հակառակ Հայաստանում դեռ շնչում է մյուս գաղափարախոսությունը, որ մարդը որոճացող անասուն չի, որ միայն իր առաջ դրված խոտի մասին մտածի, որ հասարակական էակ է, մշակույթ, հիշողություն, պատմություն, մայրենի լեզու և ընդհանուր հիշողություն, լեզու, պատմություն, մշակույթ, հայրենիք ունեցողների հետ մաս է կազմում մի հավաքակնության, որն էլ ավելի մեծ հավաքականության մասն է։ Որ հայ լինելը պարտքի զգացում է իր նախնիների հանդեպ, որոնք մեծ ոճրի զոհը դարձան, Արցախի հայրենակիցների հանդեպ, որոնք ձգտում են իրենց հայրենիքում ապրել անկախ, պաշտպանված՝ ցեղասպանության սուրը իրենց գլխներին օրորող ոճրագործներից, ընդհանրապես աշխարհով մեկ սփռված այն հայրենակիցների հանդեպ, որոնք նեղության մեջ են, կարքին ունեն քո աջակցության։ Որ պարտքի զգացումը, արդարության ձգտումը բեռ չեն, այլ միտք, բանականություն, որոնք կյանքին իմաստ են հաղորդում։
Ցավոք, այս գաղափարախոսությունը աշխարհում միայնակ է, չունի հովանավորներ, հզոր աջակցիներ, և պարտվում ու պարտվում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել