Հաճախ եմ ինքս ինձ ծիծաղում, երբ հիշում եմ այս իրական պատմությունները մեծ բանաստեղծի` Շիրազի հետ կապված: Տաղանդավոր շատ մարդիկ ունեն իրենց կյանքի էջերում թաքնված շատ ծիծաղաշարժ պահեր: Ուրեմն այսպես. ինչ-որ պատմելու եմ մեծ բանաստեղծի մասին, պատմել է հայրս. նա դեռ պատանեկան տարիներից մտերիմ է եղել Շիրազի հետ: Շիրազն ու հայրս ծանոթացել են Լենինականի հանրակացարաններից մեկում: Պատմում էր, թե երբ ձմեռ ժամանակ մութն ընկնում էր, մեկ էլ տեսար անհայտանում էր Շիրազն ու չանցած 1-2 ժամ գալիս էր թևատակին բարձած ահագին տախտակ: Զարմանում էինք, թե որտեղի՞ց է հաջողացրել այսքան տախտակ: Շիրազը չէր թաքցնում.
-Ցանկապատ եմ քանդել, հիմա ճիշտն իմացա՞ք:
Երբ ասում էին. 
- Այ Օնիկ,-այդպես էին կոչում նրան ընկերները,- բա որ առավոտյան էդ մարդիկ արթնանան ու տեսնեն, որ ցանկապատ չունեն, ո՞նց կլինի:
Նա ժպտալով պատասխանում էր.
-Ես հարուստների ցանկապատներն եմ քանդում, նրանց համար դժվար չէ նորը սարքել:
Մենք մտածում էինք.
-Էդ էլ հարց, այդ նորը տեղում կմնա՞, թե՞ հնի բախտին կարժանանա...
Ու այսպես Շիրազը միշտ տաք էր պահում սենյակը, որը ծառայում էր և՛ ննջասենյակ, և՛ ճաշասենյակ, և՛ գրասենյակ...
Շիրազն ամբողջ գիշեր վառարանը վառում էր ու ստեղծագործում:
Իսկ մյուս պատմությունը` Շիրազի հետ կապված, նորից հայրս է պատմել, որը կատարվել է շատ տարիներ հետո, երբ Շիրազն ապրում էր Երևանում և շատ սիրված ու ճանաչված բանաստեղծ էր ժողովրդի կողմից: Ես չեմ հիշում, թե ստույգ որ թվականին է եղել այս պատմությունը, բայց որ զուտ ճշմարտություն է, դա հաստատ է, քանի որ այս մասին պատնել է հենց ինքը` այդ տարիների Գրողների Միության Լենինականի բաժանմունքի նախագահ Լյուդվիգ Միքայելյանը, որը շատ համեստ, զարգացած մարդ էր ու մի քանի գրքերի հեղինակ: Նա հրավիրված է լինում Երևան Հայաստանի գրողների միության համագումարին: Միքայելյանն այնտեղ հանդիպում է Շիրազին: Համագումարը շատ ուշ է վերջանում, և Միքայելյանին Շիրազը հրավիրում է իր տուն գիշերելու: 
-Ամոթ չէ, զեմլյակ, էրթաս հյուրանոց, գնանք մեր տուն: Համ էլ անտիպ գործերիցս կկարդամ, գնահատականդ կտաս:
Շատ երկար նստեցին. Շիրազը մեկը մյուսի հետևից կարդում է իր անտիպ գործերը: Կեսգիշեր էր արդեն, երբ պառկեցին քնելու, երկուսով նույն սենյակում, տարբեր մահճակալների: Դեռ նոր էին մտել անկողին, երբ Շիրազը պարզելու համար հարցնում է.
- Լյուդվիգ, ե՞ս ուժեղ կգրեմ, թե՞ Սևակը (Սևակը դեռ կենդանի էր):
Լյուդվիգն ընկնում է մտքերի մեջ, ի՞նչ ասի. ասի` դու ես ուժեղ գրում, բայց ախր Սևակի ստեղծագործություններն էլ ուժեղ էին: Ու ոչ ուտում, ոչ խմում, ասում է.
-Շիրազ ջան, դու էլ ես լավ գրում, բայց Սևակն ավելի ուժեղ է:
-Հա՞, Սևակն ուժեղ կգրե՞, -ասելն ու տեղից թռնելը մեկ է լինում,-դե ել ու գնա Սևակի տունն էլ քնի:
Խեղճ Միքայելյանին զոռով հանում է անկողնուց, շորերը տալիս թևատակին ու տնից դուրս հանում:
-Դե գնա Սևակենց տուն,- հետևից գոռում է Շիրազը:
Միքայելյանն հայտնվում է անելանելի վիճակի մեջ: Իր բախտից կեսգիշեր է լինում, ձեռ-ոտ քաշված, աստիճանների վրա հագնվում, իջնում է ներքև:
Այդ ժամին ոչ մի տրանսպորտ չէր աշխատում, որ գնար հյուրանոց. նայում է չորս կողմը, ոտքի վրա ինչքա՞ն կարող էր մնալ, համ էլ քունն էր տանում:
Մթության մեջ աչքն ընկնում է շենքի կենտրոնում եղած փոքրիկ բիսետկան, որտեղ համ նստարան կար, համ էլ սեղան. ամառ էր, մրսելու խնդիր չկար:
Գլուխը գցում է սեղանին ու մուշ-մուշ քնում: Առավոտյան Միքայելյանը հարկ չի համարում նորից վերև բարձրանալ ու Շիրազից պատիվ պահանջել: Մի կողմից էլ իրեն էր մեղադրում, որ չկարողացավ գնահատել Շիրազի ստեղծագործությունները, որը վիրավորել էր բանաստեղծի ինքնասիրությունը: Երևի Շիրազի փոխարեն, ինքն էլ նույնը կաներ: Մի խոսքով, իրեն մեղավոր էր զգում:
Շտապեց գրողների միություն, համագումարը շարունակվում էր: Երբ ներս մտավ, Շիրազն արդեն այնտեղ էր. թե ե՞րբ էր հասցրել, մութ մնաց. Միքայելյանն ընդհանուր բարևեց:
Շիրազը մոտեցավ Միքայելյանին, նայեց աչքերի մեջ.
-Հիմի ո՞վ է ուժեղ կգրե, ե՞ս, թե՞ Սևակը...
- Իհարկե դու, Շիրազ ջան, դու ես ուժեղը, - պատասխանեց Միքայելյանը:
Միքայելյանը զգում է, որ վիրավորել է Շիրազի ինքնասիրությունը:
-Ես գիշերը կատակ արեցի, դու ճիշտ ընդունեցի՞ր, այ տղա:
Շիրազը փաթաթվում է Միքայելյանին, ու ամեն ինչ հարթվում է, բայց այս պատմությունը Լենինականի գրողների միության նեղ շրջանակներին հայտնի է դառնում, ու երբ հավաքվում էին մեր տանը, պատմում էին ու ծիծաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել