ArmDaily.am-ը գրում է․

Այս պահին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում շարունակվում են քվեաթերթիկների հաշվարկները, սակայն Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ գյուղում ընտրության արդյունքներն արդեն պարզ են՝ 51 քվե ստացել է «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը և 40 քվե « Հայաստան» դաշինքը:

ArmDaily.am-ի հետ զրույցում, Արցախյան երեք պատերազմների մասնակից, Շուռնուխի բնակիչ Արարատ Աղաբեկյանը՝ Աշխարհապետն ասաց, որ իրականում քվեարկության նման արդյունքը պայմանավորված է զինծառայողների քվեարկությամբ: Նա նշեց, որ Շուռնուխում քվեարկության մասնակցել է մեկ զորամաս:

«Հենց իրենց քվեներն են այս պատկերը ստեղծել: Դե զինվորական էրեխեք են, ինչ ասել են՝ իրենք էլ արել են: Մենք իրենց չենք մեղադրում: Իսկ մեր գյուղում բոլորս էլ գիտենք, թե ով էր իր ձայնը տալու իշխանություններին՝ ընդամենը մի քանի հոգի՝ ոչ ավել»,-ասաց Աշխարհապետը: Նա հավելեց, որ պատերազմից հետո նոր սահմանազատումների հետևանքով իրենցից մի քանի մետր կանգնած ադրբեջանցի զինվորականների առկայության պատճառով գյուղից հեռացած շուռնուխցիները չեն կարողացել մասնակցել քվեարկությանը: Աշխարհապետն ասաց, որ 167 ընտրող ունի գյուղը, սակայն մի մասը գյուղից հեռացել է, մի մասը արտագնա աշխատանքի է:

Աշխարհապետը մեզ հետ զրույցում ասաց, որ սա Նիկոլ Փաշինյանի կողմից վրեժխնդրության նման մի բան էր՝ Սյունիքում բարձր ձայներ բերելն ու այդպիսով ապացուցել, որ Սյունիքում իրեն իրականում ընդունում են ու սիրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել