Aravot.am-ը գրում է․
7/44 ընտրատեղամասում ժամը 20:00-ից հետո ընտրատեղամասի դռները չէին փակվել: Անհայտ անձինք, առանց բեյջերի պտտվում էին ընտրատեղամասի տարածքում, հեռախոսով զանգեր էին կատարում: Մինչ այդ, երբ քվեարկությունը դեռ չէր ավարտվել, ընտրողներից մեկը իր հետ հանեց չօգտագործած քվեաթերթիկները:
Դիտողությանը, որ տարեք, քվեախցիկի ներսում տեղ կա, այնտեղ գցեք՝ նա սկսեց դժգոհել. «Հենց ստեղ կգցեմ, ոչ մեկը չի նկատի»:
Նա իր հետ քվեախցիկից դուրս էր հանել նաեւ մեկ ավելորդ ծրար: Թե ոնց էր դա իր մոտ հայտնվել, պատճառաբանեց այսպես. «Այնտեղ գցած էր»: Երբ մոտեցանք առանց բեյջի ու որեւէ տարբերանշանի ընտրատեղամասում շրջող անձանցից մեկին ու հարցրեցինք՝ վստահված ա՞նձ եք, դիտո՞րդ եք, ո՞վ եք ու ի՞նչ գործ ունեք ընտրատեղամասում, նա հեգնական տոնով ասաց. «Ես վազելով եկա, որ իմ ձայնը տամ, մի վայրկյան չհասցրեցի»: Հարցրեցինք՝ լավ, ընտրող եք, որը 1 վայրկյան ուշացած է եկել, բայց հիմա 20:12 է, դուք ի՞նչ գործ ունեք այստեղ, նա պատասխանեց. «Այ ցավդ տանեմ, ո՜նց եմ ափսոսում, ո՞նց չհասցրեցի գալ, ափսոսում եմ…»:
Նորից հուշեցինք՝ հիմա ընտրատեղամասը փակ է, նա էլ հեգնական պատասխանեց. «Փակ է, պիտի թողնեմ գնամ՝ շատ ափսոսալով: Ցավոք սրտի: Շա՜տ ափսոսալով: Չեք պատկերացնի է ինչ ափսոսալով…վազելով եկա: Հիմա խելոք-խելոք կանգնել եմ»: