ԱՄՆ Մեն նահանգի համալսարանի գիտնականների խումբը ենթադրում է, որ էվոլյուցիան այլևս խստորեն կապված չէ գեների հետ։ Մարդկային մշակույթը էվոլյուցիան ավելի արագ է շարժում, քան գենետիկ մուտացիաները։

Բնական ընտրության ազդեցության ներքո մեր նախնիներն ադապտացվել են և լույս աշխարհ բերել սերունդներ՝ ժառանգելով նրանց փոքրիկ գենետիկական մուտացիաներ, որոնք վերջնարդյունքում մարդկանց դարձրել են այնպիսին, ինչպիսին մենք այսօր կանք։ Նման էվոլյուցիան դանդաղ է աշխատում, քանի որ իրենց գեները փոխանցում են միայն նրանք, ովքեր գոյատևում են։

Սակայն ներկայումս մարդկանց պրակտիկորեն անհրաժեշտ չէ գենետիկորեն հարմարվել տարբեր հիվանդությունների սպառնալիքներին։ Դրա փոխարեն մենք ադապտացվում ենք, պատվաստանյութեր ու բուժման այլ մեթոդներ ստեղծում, որոնք մարդկանց աշխատանքի ու գիտելիքների արդյունքն են։

Այս կերպ, ինչպես նշում են հեղինակները, էվոլյուցիան այլևս գենետիկական մուտացիաների կարիք չունի։ Ընդհակառակը, մշակութային եղանակով փոխանցվող վարքագիծն իրենից հենց «մուտացիա» է ներկայացնում, որն ապահովում է գոյատևումը։ Այժմ այսպես կոչված մշակութային էվոլյուցիան կարող է ազդել մարդկության ճակատագրի վրա շատ ավելի ուժեղ, քան բնական ընտրությունը։

Օրինակ՝ պատվաստանյութեր ստեղծելով մարդիկ բարելավում են իրենց կոլեկտիվ «իմունային համակարգը»։ Երբեմն մշակութային էվոլյուցիան կարող է հանգեցնել նաև գենետիկական էվոլյուցիայի։ Դասական օրինակ է լակտոզի հանդեպ հանդուրժողականությունը։ Կովի կաթ օգտագործելն ի հայտ է եկել որպես մշակութային սովորույթ, որը հետագայում գենետիկական «շարժիչ» է դարձել մարդկանց խմբի էվոլյուցիայի համար։

Այսօր մարդը կարող է տեղեկատվություն և ունակություններ ստանալ անսահման քանակությամբ այլ մարդկանցից շատ կարճ ժամանակահատվածում, ապա, իր հերթին, դրանք փոխանցել մյուսներին։ Մեծ խմբերը խնդիրներն ավելի արագ են լուծում, քան փոքրերը, իսկ միջխմբային մրցակցությունը խթանում է ադապտացիան, որը թույլ է տալիս այդ խմբերին գոյատևել։

Մենք շարունակում ենք գենետիկորեն էվոլյուցիայի ենթարկվել, սակայն դա այլևս կարող է չազդել մարդու գոյատևման վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել