Iravunk.com-ը գրում է.
«Սաղմոսերգու» ԺՊ Փաշինյանը վերջին օրերին կտրուկ փոխել է իր հռետորաբանությունը՝ վարչապետից վերածվելով կրոնական ագրեսիվ քարոզչի: Այս էլ որերորդ անգամ է նա պետական ռեսուրսների անխնա օգտագործմամբ` քարոզարշավը համալրում է հոգեւոր քարոզչությամբ: Փաշինյանին հիմա էլ խանգարում է եկեղեցին. երեկ նա լուրջ մեղադրանքներ էր հնչեցնում եկեղեցու հասցեին, կարծես թե, երկրի ղեկավարը այլ մարդ է, իսկ ինքն էլ բողոքում էր եկեղեցուց, առանց որեւէ փաստերի եկեղեցուն տեղավորելով «էլիտաների» շարքերում: Իսկ որ ավելի զավեշտալ էր, շահույթ չհետապնդող կառույցին՝ եկեղեցուն, մեղադրում կոռուպցիայի մեջ: Զարմանալի է, բայց վարչապետի պաշտոնակատարն անգամ փոքր պատկերացում չունի, թե ինչ է կոռուպցիան եւ որտեղ կարելի է կիրառել այդ հասկացությունը:
Իրեն բարոյապես անթերի ներկայացնող Փաշինյան Նիկոլն, ով ՔՊ-ից եւ նրա արբանյակներից բացի, բոլորին համարում է ծախվածներ ու թալանչիներ, հավանաբար մոռանում է, որ երեք տարի անհոգ փարթիներով էր զբաղված, մինչեւ որ Հայաստանի գլխին բերեց իրական աղետ ու ողբերգություն, որի հետեւանքների պատճառով դեռ անհայտ է մեր վաղվա օրը, իսկ հիմա վերջինս արդեն քրիստոնեական արժեքներ է քարոզում: Այսպես, Փաշինյանի հոգեւոր պոռթկումներն իսկական խրախճանք են դարձել աղանդավորների համար. դեռ մի կողմ ենք թողնում այն, որ աղանդների հետեւորդները իրար հերթ չտալով տարածում եւ հիանում են նոր մարգարեով ու Աստծուց ուղարկված գուռուով, այս մրցավազքին մասնակցում է անգամ ՌԵՄԱ ավետարանական եկեղեցու քարոզիչ Սամվել Հովսեփյանը, ով անխնա տարածում է Հայ Եկեղեցու դեմ երկրի ղեկավարի անպարկեշտ կոչերը: Ի դեպ, հիշեցնենք նաեւ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 15-րդ համարի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, ՌԵՄԱ ավետարանական եկեղեցու քարոզիչ է: Այո, խոսքը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսնու մասին է: Երեւի սույն աղանդը նաեւ իր հավաքների ժամանակ խնդրում է իր հետեւորդներին Փաշինյանին ձեռքներից բաց չթողել, որովհետեւ եկել է մարգարեն, ով իրենց կարող է առաջնորդել աղանդավորների ավետյաց երկիր: Ստորեւ ներկայացնում ենք փաստեր, որտեղ աղանդավորներն անկաշկանդ օգտվում են Փաշինյանի «հերոսություններից»: