Արցախում, Սյունիքում, սահմանամերձ բնակավայրերում բնակվող մարդիկ կվկայեն, որ Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ մի ուրախություն կամ տխրություն էր լինում, սովորություն էր դարձել՝ առաջինը խմում էին զոհված տղաների կենացը։ Մեծ հարգանք կար, Բանակի, Զինվորի նկատմամբ։ Մի փոքրիկ դեպք եմ պատմելու, որը որպես հուշ ներկայացրել եմ, երբ Սերժ Սարգսյանը այլևս պաշտոնի չի եղել։ Այլ ձևով են ընդունում մարդիկ, երբ գործող իշխանությանը գովում ես։ Հիմա արդեն կարելի է․
«Արցախյան Առաջին պատերազմի տարիներն էին՝ գնդակոծություն, հա գնդակոծություն, զոհեր․․․
Սերժ Սարգսյանի հայրը երբեմն իր բնօրանն էր գալիս՝ հարազատներին տեսնելու, նրանցից իր կարոտն առնելու։ Շատ պարզ մարդ էր հայրը, բոլորի ծննդյան օրերը, առիթները գիտեր, գալիս էր։ Շատ անգամ նախագահից «թաքուն» էր գալիս, բայց միշտ «բռնվում էր»։ Նեղվում էր՝ մարդ չկարա՞ ազատ իր ուզած տեղը գնա։ Մի օր էլ բարեկամի հոբելյանին էր մասնակցում։ Ես էլ էի այնտեղ, ահագին մեծ ծնունդ էին անում։ Սեղանին թամադայի պես մեկը կար, կենացներ էր առաջարկում։ Առաջին բաժակով առաջարկեց խմել նախագահի հոր՝ Ազատի կենացը։ Բոլորը ոտքի կանգնեցին, Սերժի հայրը չկանգնեց։
Անփորձ թամադան քրտնել էր, չէր հասկանում՝ ինչ է կատարվում։ Նստեց ու հաջորդ կենացն առաջարկեց խմել հոբելյարի կենացը։ Սերժի հայրը էլի ոտքի չկանգնեց, «աչքի պոչով» բոլորը հետևում էին․ սեղանից չէր օգտվում, «մթնած նստել էր»։ Հոբելյարը, որ կյանքի փորձ ունեցող մարդ էր, մոտեցավ Ազատին։ Մոտիկ էի նստած, լսում էի՝ պյա՞նա իլալ։
-Էս հու՞մ ես թամադա տիրալ,- բարկացավ։ Հետո չլսեցի ձայնը, ցածր էին խոսում։ Հոբելյարը մոտեցավ թամադային, ինչ որ բան ասաց, նա էլ մինչև ականջները կարմրած տեղից բարձրացավ ու, մինչև հիմա բառերն անգիր հիշում եմ, ասաց․
- Ժողովուրդ, կներեք, սխալ պյան եմ ըրալ, խամ թամադա եմ, հըսկացալ չեմ, առաջին բաժակավ խմենք պատերազմում զոհված մեր խոխորցը (երեխեքի) կենացը։
Բոլորը շունչները պահած տեղերից թռան։
Սերժ Սարգսյանի հայրը առաջինը ոտքի կանգնեց, մթնոլորտը փոխվեց, բոլորը մեկ- մեկ գալիս ու խփում էին Ազատ պապիկի բաժակին, կարծես բոլոր հերոսների ու զոհերի Հայրը Ազատը լիներ»։
Հիմա ոնց ուզում եք հասկացեք՝ ասելիքս այն է, որ մեր մեր զինվորը, մեր բարբառով ասեմ՝ «կարողա կլուբնիկ չի կերալ, բայց գնահատվածա իլալ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել