Երկու ախտանշան՝ ցածր սատուրացիան եւ հաճախացած շնչառությունը, կարող են վկայել կորոնավիրուսով վարակված պացիենտի մահվան բարձր ռիսկի մասին։ Այդպիսի պացիենտները հոսպիտալացման կարիք ունեն՝ բուժումը տնային պայմաններում շարունակել նրանց խորհուրդ չի տրվում։ Այս մասին ասվում է Influenza and Other Respiratory Viruses-ում հրապարակված  հետազոտությունում։

Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, ԱՄՆ Հիվանդություննների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններն առաջարկում են դիմել բժշկի հետեւյալ ախտանշանների դեպքում.

  • շնչառության դժվարացում;
  • շարունակական ցավ կամ ճնշող զգացողություն կրծքավանդակում;
  • գիտակցության մեջ առաջին անգամ ի հայտ եկած խառնաշփոթություն;
  • արթնանալ չկարողանալը կամ առույգ մնալը;
  • գորշ երանգով գունատ մաշկը։

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները՝ այս հետազոտության հեղինակները, մատնանշում են, որ այնպիսի վառ արտահայտված ախտանշաններ, ինչպիսին են շնչառության դժվարացումը եւ կրծքավանդակի ցավը, պացիենտները հաճախ չեն ունենում անգամ այն ժամանակ, երբ շնչառության թուլացման ու արյան մեջ թթվածնի մակարդակները վտանգավոր նիշի վրա են։ Այսպիսի եզրակացության են եկել գիտնականները՝ վերլուծելով ավելի քան 1000 հոսպիտալացված պացիենտի տվյալները։

«Սկզբում COVID-19-ով պացիենտների մեծ մասի մոտ շնչառության հետ կապված խնդիր չի առաջանում։ Նրանց մոտ կարող է բավական ցածր լինել արյան մեջ թթվածնի մակարդակը (սատուրացիան) եւ դրանով հանդերձ՝ չլինեն ախտանշաններ։ Եթե պացիենտները հետեւում են ընթացիկ հանձնարարություններին, մենք կորցնում ենք վաղ բուժմանը միջամտելու հնարավորությունը»,- բացատրել է հետազոտության համահեղինակ, բժիշկ Նոնա Սոտուդենիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել