Psymag.am-ը գրում է.
Ինչպես ասում էր հայտնի մի ֆիլմի հերոս. «Բոլորս էլ վճարում ենք սեքսի համար, միայն մարմնավաճառներն ավելի անկեղծ են գտնվում և գինը միանգամից են ասում»:
Վճարովի սերը, վճարովի սեքսը երևույթներ են, որոնք գոյություն են ունեցել միշտ, անգամ այն ժամանակներում, երբ դեռ անգամ դրամաշրջանառություն գոյություն չուներ և մարդիկ ապրում էին քարանձավներում:
Վճարովի սեքսը մի կողմի համար եղել է ու կա ռեսուրսների հայթհայթման միջոց, մյուս կողմի համար` արդեն հայթհայթված ռեսուրսները սեքսի հետ փոխանակելու միջոց:
Շատ հաճախ հասարակության կողմից մարմնավաճառության գոյության մեջ մեղադրվում են ոչ թե հենց այդ գործով զբաղվողները, այլ նրանց ծառայություններից օգտվողները:
Բայց նման մեղադրանքները մի փոքր ցինիկ են հնչում, հատկապես, երբ նշվում է, թե որքան ահավոր ու վատ է նման բաներից օգտվելը, խոսում են դրա մասին որպես կեղտոտ ու զզվելի երևույթի, որն անպայման պետք է վերացնել:
Բայց պետք է հասկանալ, որ հանգամանքները տարբեր մարդկանց կյանքում տարբեր են լինում և տվյալ ծառայությունից օգտվելը մարդու մոտ կարող է կրել ժամանակավոր բնույթ: Իսկ ինչո՞ւ չի կարող ժամանակավոր բնույթ կրող որևէ բան գոյություն ունենալ, եթե այդ ժամանակավորը մարդու համար տվյալ պարագայում ավելի լավ է, քան այլ տարբերակները:
Մեր ֆիզիոլոգիական ցանկություններն ու պահանջմունքները ստեղծում են նման երևույթ: Կա պահանջարկ, կա նաև առաջարկ: Այնպես որ, վճարովի սեքսի երևույթն ինչ-որ տեղ թելադրված է նաև մեր ֆիզիոլոգիական պահանջմունքներով: Դրա համար էլ, այդ ծառայություններից օգտվելը դեռ չի խոսում հասարակության բազմաթիվ ներկայացուցիչների մոտ առկա այն կարծրատիպի ճշմարտացիության մասին, որ վճարովի սեքսից օգտվող մարդը վատառողջ է, որ բարդույթներ ու այլ հոգեբանական խնդիրներ ունի կամ էլ ի վիճակի չէ իր համար սեռական զուգընկեր գտնել:
Մինչ նման տեսակետ հայտնելը, ճիշտ կլիներ պարզել` միգուցե ժամանակային առումով տվյալ մարդու համար ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման նման տարբերակն ավելի հարմար ու նպատակահարմար է, ավելի քիչ ռեսուրսատար է, քան այլ տարբերակները: Եվ այս տեսանկյունից, երևի ճիշտ չի խոսել այն մասին, որ պետք է բոլոր ուժերը ներդնել երևույթի վերացման վրա: Իզուր չէ, որ շատ արևմտյան երկրներում վճարովի սերը, վճարովի սեքսը օրինականացված է, քանի որ, այնուամենայնիվ, ավելի հեշտ է, ինչո՞ւ չէ նաև արդյունավետ, այդ ամբողջը վերցնել վերահսկողության տակ բժշկության և պետության կողմից, քան պայքարել դրա դեմ, առավել ևս, որ պայքարելը բարդանում է նրանով, որ երևույթը երբեմն ձեռնատու է շատ մարդկանց և այն նույնքան հին է որքան մարդկության պատմությունը:
Սակայն պետք է նկատի ունենալ, երբ վճարովի սեքսից օգտվելու սովորությունը շատ է ձգձգվում, դադարում է ժամանակավոր բնույթ կրել, դա արդեն կարող է վնասակար լինել անձամբ օգտվողի համար, քանի որ նրա համար ավելի բարդ է դառնում սովորական մարդկանց մեջ զուգընկեր գտնելը ու հատկապես այնպիսի մարդկանց, ովքեր սեքսը դիտում են ոչ թե դիմացինից ռեսուրսներ ստանալու միջոց, այլ ուղղակի սեքս, ովքեր ընկալում են այնպիսի հարաբերություններ, երբ սեքսը զուտ սեքսի համար է, հարաբերությունների անբաժանելի մասնիկն է:
Բացի սրանից, պակաս կարևոր չէ նաև սեքսի էմոցիոնալ ֆոնի կարևորությունը, որը շատ օգտակար է ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական առողջության համար: Իսկ վճարովի սեքսն անվանել էմոցիոնալ դժվար է: Իհարկե, որոշակի էմոցիաներ լինում են նման սեքսի ժամանակ, սակայն չի կարելի դրանք անվանել ամբողջական:
Դրա համար էլ կարևոր է, որ մարդը վճարովի սեքս ծառայություններից օգտվելիս չկորցնի դրանց ժամանակավոր և կարճաժամկետ լինելու ընկալումը և շատ չհրապուրվի դրանցով: