Նախ՝ մայիսի 10-ին տեղեկատվություն է տարածվում, որ Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ բանակցություններն ինչ-որ առումով արդյունավետ են անցել և ձեռք բերված համաձայնությամբ նախնական տեղեկություններով ադրբեջանցիները պետք է հետ նահանջեն, սակայն անմիջապես հաջորդ օրը Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հերքելով բանակցությունների միջոցով պայմանավորվածություն ձեռք բերելու մասին տեղեկատվությունը, նշեց որ, ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում է անփոփոխ և իրավիճակը շարունակում է ճգնաժամային մնալ:
Փաշինյանի ասածից հետո նույն օրը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ ոչ մի պատճառ չկա Սյունիքում այդ ոչ սովորական, բայց հանգիստ կարգավորվող հարցում զգացմունքները սրելու համար և ընդգծեց, որ Սյունիքի մարզի իրավիճակի վերաբերյալ ռուս զինվորականների օգնությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այսինքն՝ ստացվում է, որ, ըստ ռուսական կողմի, կա ձեռք բերված պայմանավորվածություն և անհանգստանալու կարիք չկա, բայց Փաշինյանը մեր հանրությանը ներկայացնում է, որ փոփություն չկա և իրադրությունը ճգնաժամային է: Այս ամենի ֆոնին հետաքրքրականը սակայն օրվա վերջում ստացված տեղեկատվությունն էր առ այն, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, որի ընթացքում քննարկվել է Սյունիքի թեման:
Տրամաբանական հարց է առաջանում՝ ի՞նչ է իրականում կատարվում…
Իրականում այն ինչն այսօր իրենց քայլերով անում են ՀՀ իշխանություններն՝ ի դեմս վարչապետի, ոչ այլ ինչ է, քան Սյունիքն աշխարհաքաղաքական մեծ խաղի մաս դարձնելը, ինչն ինքնին հղի է Հայաստանի համար կործանարար հետևանքներով: Այս մասին բազմիցս է զգուշացվել, սակայն ինչպես երևում է ՀՀ այս իշխանությունները ոչ միայն չեն լսում ու չեն տեսնում, այլ իրենք են իրենց քայլերով նպաստում մարտահրավերների մեծացմանն ու անկառավարելիությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել