Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում նշել են, որ Արևելյան Երուսաղեմում լարվածությունը վտանգավոր կերպով աճում է, նաև դատապարտել են պաղեստինցիների վտարումը Շեյխ Ջարահ թաղամասից և խնդրել են հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ արտգործնախարարությանը:

«Մայիսի 10-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Արտաքին գործերի նախարարներն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել Պաղեստին-Իսրայել հարաբերությունների սրման և լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ Արևելյան Երուսաղեմում, առաջին հերթին Ալ-Աքսա մզկիթի մոտակայքում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Նախարարները դատապարտել են իրենց բնօրրանից՝ Շեյխ Ջարահ թաղամասից պաղեստինցիների վտարումը և Մերձավոր Արևելքի կարգավորման համար միջազգային միջնորդների քառյակի հատուկ ներկայացուցիչների 2021 թ. մայիսի 8-ի համատեղ հայտարարության համաձայն նրանք կոչ են  արել այս հակամարտության բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ մահմեդականների համար սուրբ Ռամադան ամսվա ընթացքում իրավիճակի հետագա սրմանը սպառնացող գործողություններ»,- ընդգծել են գերատեսչությունում:

Լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում է տեղի բնակչության բողոքներով և բախումներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել